Իլյումժինովը Կարպովին առաջարկել է ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով երեկ կայացած ընտրություններում հաղթանակ տոնեց, շախմատային լեզվով ասած` մատ արեց մյուս թեկնածուին` Անատոլի Կարպովին, վերջինիս առաջարկել է ստանձնել ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը: Կարպովը մտածելու համար ժամանակ է խնդրել, սակայն դժվար թե համաձայնվի:
«Շատ քիչ հավանական է, որ ապագայում համագործակցեմ ՖԻԴԵ-ի հետ,- աշխարհի նախկին չեմպիոնի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:- Հասկանում էի, որ ուսերիս ծանր պարտականությում եմ վերցնում, սակայն պատրաստ էի կրել այն: Այժմ ավելի հեշտ կլինի, քանի որ շատ զբաղված մարդ եմ և ունեմ ծրագրեր, որոնք միայն շախմատին չեն վերաբերում»:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Իլյումժինովն ու Կարպովը երեկ ուշ երեկոյան նախնական բանակցություններ են վարել: Ինչպես տեղեկացնում է տարածաշրջանային տեղեկատվական կենտրոնը, երեկվա մրցակիցները քննարկել են ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնում Կարպովի նշանակման հնարավորության հարցը:
Ավելացնենք, որ ՖԻԴԵ-ի նախագահի հաջորդ ընտրությունը կկայանա 2014 թ.: