Շվեյցարիան վճռական է հայ-թուրքական գործընթացը առաջ մղելու հարցում. Շվեյցարիայի ԱԳՆ
Նախօրեին շարունակվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: Առաջին հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ է եղել, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպման սկզբում Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է տիկին Կալմի-Ռեյին սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ է նաև շվեյցարահայության դերը : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գնահատում են Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որը նպատակաուղղված է Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ պայմանավորվածություն է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:
ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ է կանչել արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ. այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար: «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակել է տիկին Կալմի-Ռեյը: Նա բարձր է գհահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով քաղաքական խիզախություն:
ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հիմնումը, ինչը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմակողմ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Կողմերը կարևորել են հարցի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը:
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի հետ է եղել:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի և Շվեյցարիայի միջև նմանությունները և փոխադարձ համակրանքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է զարգանան մեր ժողովուրդների բարօրությանն ու բարգավաճմանը միտված հարաբերությունները: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ, ձևավորվել է բովանդակալից և բավականին ընդգրկուն օրակարգ: Ձևավորված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ : Հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարևոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա գոհունակություն է արտահայտել վերջին տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ: Այս առումով ընդգծվել է 2007 թ. նոյեմբերի ՇՀ Ազգային խորհրդի նախագահ տիկին Քրիստին Էգերսզեգի-Օբրիստի պաշտոնական այցը Հայաստան, ինչը միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման հիմք է հանդիսացել և 2008 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի այցը Հայաստան, որը նոր որակ և լիցք հաղորդեց խորհրդարանական կապերին:
Տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա, որը կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում առանձնացրել է բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը : Նա շեշտել է, որ կանի հնարավորը, որ հայ-շվեյցարական գործակցությունը ավելի զարգանա և ամրապնդվի:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Շվեյցարիայի Սենատի նախագահը նշել է, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն ուղղված հարաբերությունների կարգավորմանը : Նա կարևոր համարեց տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատումը :
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս :
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:
ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եվրաինտեգրումն առաջնահերթություններից է և գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջև, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ զենքն է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում առկա խնդիրները: Նա նշել է, որ շվեյցարական փորձը շատ կարևոր է մեր երկրում ընթացող բարեփոխումների համատեքստում` մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Հովիկ Աբրահամյանը իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով` պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով:
Նրա համոզմամբ` երկու երկրների խորհրդարանները կարևոր դեր ունեն Հայաստանի ու Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու գործում£ Նշվեց, որ խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության արդյունքում միջխորհրդարանական համագործակցությունը բավականին զարգացել է: ԱԺ նախագահը կարևոր համարեց Շվեյցարիայի ու Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության խորացումը, փոխայցերը և միջազգային կառույցներում համագործակցությունը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն իր վճռորոշ դերն ունի միջպետական հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում:
Տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսը նույնպես նշեց, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և կանի հնարավորը, որպեսզի գործընթացը շարունակվի : Տիկին Ուիսը կարևոր է համարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում : Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը ևս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձևաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները և հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը և բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, քանի որ բոլոր նախադրյալները կան զարգացնելու փոխգործակցությունը նաև այս ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում