Մանանա Ասլամազյանին ТЭФИ – ի մրցանակը կհանձնվի նոյեմբերին` Մոսկվայում
Ռուսաստանի հեռուստաակադեմիայի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ` ազգային ТЭФИ մրցանակաբաշխության ժամանակ Մանանա Ասլամազյանի անվան հետ կապված միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, Ասլամազյանը հաղթող էր ճանաչվել «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար» անվանակարգում, սակայն մրցանակաբաշխության ժամանակ նրա անունը չէր հայտարարվել:
Մանանա Ասլամազյանի հաղթելու մասին տեղեկությունը տարածվել էր միայն մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջի միջոցով, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել ժյուրիի որոշ անդամների մոտ որպես աննախադեպ երևույթ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ակադեմիայի տարածած հաղորդագրությունում ասված է, թե այն փաստը, որ մրցանակաբաշխության ժամանակ չի հնչեցվել Ասլամազյանի անունը, «սխալմունք» է եղել:
«Հեռուստաակադեմիայի խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել մրցանակը շնորհել Ասլամազյանին, վերջինիս առաջիկա Մոսկվա այցի ժամանակ, ինչի մասին համաձայնություն է ձեռք բերվել նիստի ընթացքում մրցանակակրի հետ անմիջական հեռախոսազրույցի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա սույն թվականի նոյեմբերին», - ասված է հեռուստաակադեմիայի տարածած մամլո հաղորդագրությունում:
Նախորդող նորություն` Միանգամից երկու սկանդալ ТЭФИ մրցանակաբաշխության ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին