Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծ. Կներառվեն նաև ոլորտի մասնագետների առաջարկությունները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը CAPS ծրագրի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում») փորձագետների աջակցությամբ ներկայում մշակում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը:
CAPS ծրագրի զբոսաշրջության կլաստերի համակարգող Գեռա Ոսկանյանի փոխանցմամբ, նոր օրինագծի ընդունումը կնպաստի ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Այս առիթով, կարևորելով պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել նաև պետական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
Այդպիսի համագործակցության օրինակ դարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և CAPS ծրագրի համատեղ նախաձեռնությամբ ու զբոսաշրջության միությունների համագործակցությամբ 2010թ. օգոստոսին կազմակերպած կլոր սեղան-քննարկումը` նվիրված զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությանը և դրա առանցքային հիմնախնդիրներին:
CAPS ծրագրի միջազգային փորձագետ Ջոն Դաունսը, որը նաև Զբոսաշրջային իրավաբանների միջազգային ֆորումի պատվավոր նախագահն է, քննարկման ընթացքում հանդես եկավ նոր օրենսդրության առանցքային խնդիրների վերաբերյալ հատուկ զեկույցով:
Միջոցառման կարևոր արդյունքներից նաև այն էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը համաձայնվեց հաշվի առնել մասնավոր հատվածի առաջարկությունները զբոսավարների լիցենզավորման, հարկային օրենսդրության բարելավման հարցերում և առաջարկեց միություններին մանրամասն վերլուծություն ներկայացնել այդ առաջարկությունները հիմնավորելու համար:
Կլոր սեղանին հրավիրված էին զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների և դրանց միությունների, այդ թվում Ներգնա տուրօպերատորների միության, Զբոսավարների գիլդիայի, Բարմենների ասոցիացիայի, Ռեստորանների ասոցիացիայի, Հյուրանոցների ասոցիացիայի, Էկոտուրիզմի ասոցիացիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտին առնչվող նախարարությունների եւ բազմաթիվ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Քննարկմանը հնչած հարցերը ամփոփվելու են և ներկայացվեն շահագրգիռ բոլոր մարմիններին և անձանց: Նախարարությունից վստահեցնում են , որ օրինագծի մշակման գործընթացն ամբողջովին թափանցիկ կլինի, և հաշվի կառնվեն բոլոր կարծիքները։