Դելֆինարիա Պանթեոնի կողքին. Քաղաքապետի նախաձեռնությունը անհանգստացրել է բնապահպաններին
Բնապահպան Սիլվա Ադամյանը անհանգիստ է. Երևան են բերում դելֆիններ, որոնք մեր երկրի չոր բնակլիմայական պայմաններին չեն դիմանա: Ադամյանը «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է, զբաղվում է թռչուններով: Բայց այս դեպքում նրան մտահոգել են ծովային կենդանիների ոտնահարված իրավունքները: «Կենդանիների իրավունքներն իսկապես խաթարված են, պետք է վերանայել այդ որոշումը, ինչպես կարող են ծով և խոնավություն սիրող կենդանիները ապրել մեր երևանյան պայմաններում», -մեզ հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում բնապահպանը:
Երևանի Կոմիտասի զբոսայգու 8000 քառակուսի մետր տարածքը բարեկարգվում է` կանաչապատվելու է և գեղեցիկ տեսքի է բերվելու: Իսկ այգու մեջ 850 քառակուսի մետր տարածքում էլ (նախկին ատրակցիոնի տարածքը) քաղաքային իշխանությունները պատվիրել են ուկրաինական «Ներում» ընկերությանը դելֆինարիա կառուցել: Այս ընկերությունը, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից, մասնագիտացված է և դելֆինարիաներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում:
Այս նախաձեռնությունն անձամ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն է: «Դելֆինարիաները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը», - նշում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Դելֆինարիայի մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է լինելու` զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Գրեթե դեկտեմբերի կեսերին այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Պարիս Գաբրիելյանը տեղյակ չէ` ինչ տեսակի դելֆիններ են բերվելու, բայց նշում է, որ դելֆինարիա պահելը թանկ հաճույք է ու մշտական հսկողության անհրաժեշտություն է զգացվելու: Նրանց պետք է կերակրել կենդանի ձկներով:
«Շատ մեծ ծախսեր է պահանջելու արհեստական ջրավազանում դելֆիններ պահելը, բայց ես չգիտեմ ինչ տեսակի են այդ կենդանիները` քաղցրահամ ջրերի դելֆիննե՞ր են, թե՞ ծովային», -ասում է մասնագետը:
Ծովային ջրերի դելֆիններ պահելը շատ բարդ գործ կլինի` նրանց համար պետք է ծովին հատուկ միջավայր ստեղծել ու ծովային աղով համեմված ջուր պատրաստել: Իսկ ահա քաղցրահամ ջրերին սովոր դելֆիններին պահելը համեմատաբար հեշտ կլինի, բայց, ինչպես նշում է մասնագետը, այսպիսի դելֆիններն էլ ապրում են ասենք Ամազոնում:
Հատկացված տեղն իր չափերով, ըստ Պարիս Գաբրիելյանի, փոքր է: «Համոզված չեմ, որ բավարար է այդքան տարածությունը դելֆիններին ազատ լինելու համար», -նշում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու։ Սակայն այստեղ դեռևս չեն կարող ասել` ինչ տեսակի դելֆիններ են բերվելու Երևան:
Դելֆինարիան կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաև Դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։
«Ինչպե՞ս կարելի է այդպես անել` Կոմիտասի պանթեոնում մեր մեծերն են հանգչում, իսկ կողքին զվարճանքի վայր է ստեղծվում», - նախագծին դեմ է Սիլվա Ադամյանը:
Վերջինը նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը` հասկանալու` արդյո՞ք դելֆինարիայի կառուցման նախագիծն անցել է բնապահպանական փորձաքննություն, բայց պատասխան դեռևս չի ստացել:
Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փորձագետ Արեգնազ Դռնոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, որ մինչև 1000 քառակուսի մետր տարածք ունեցող կառուցապատման համար փորձագիտական եզրակացություն չի տրվում: Սակայն, նրա խոսքով, կան բացառություններ: Օրինակ, ըստ «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի, բացառություն կարող է լինել տվյալ կառուցապատման դեմ հասարակական ընդվզումը:
Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունենք: Կեդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- պնդում է Սիլվա Ադամյանը` հավելելով, որ «դա կենդանիների շահագործում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա