Զոհրապի անվան դպրոցի տնօրենը ծնողներին զգուշացրել է ուսուցչի տոնի առթիվ գումարներ չհավաքել
Հոկտեմբերի 5-ին առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես կնշվի Ուսուցչի օրը: Այդ կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ և լավագույն տնօրեն մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն 1000 ուսուցիչներ, ինչպես նաև կրթության համակարգի աշխատողներ: Ինչպես հոկտեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, մրցանակակիրների անուններն արդեն հայտնի են, սակայն նրանց անուններն գաղտնի են պահվում: Լավագույն դաստիարակը և ուսուցիչը կառավարության կողմից կպարգևատրվեն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը կստանա համակարգիչ:
Կրթական համակարգի աշխատակիցները պատվոգրերի և մեդալների կարժանան ՀՀ վարչապետի կողմից: Ուսուցչի տոնի առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարը լավագույն ուսուցիչներին ևս պատվոգրեր և հուշամեդալներ կհանձնի:
Լրագրողների հարցին, թե արդյոք Ուսուցչի տոնի կապակցությամբ դպրոցներում արդեն ավանդական դրամահավաքությունը կկազմակերպի, ասուլիսին ներկա Գրիգոր Զոհրապի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզան Ավետիսյանը նշեց, որ ինքը նախապես ծնողներին զգուշացրել է` հրաժարվեն ուսուցչի տոնի առթիվ ինչ-որ գումարներ հավաքելուց: «Պետականորեն ընդունվեց այդ տոնը, ՀՀ նախագահը, վարչապետն ու կրթության նախարարը մեծարում են ուսուցիչներին, որից մենք շնորհակալ ենք, բայց եթե արձագանքը ծնողական համայնքից այդպիսի հնչեղություն պետք է ունենա, և հասարակության մեջ ձևավորվի դպրոցի վարկանիշին հարվածող ինչ-որ մոտեցում, ապա հրաժարվում ենք դրանից: Սակայն դրա մեջ կա դաստիարակչական պահ, այսինքն` երեխայի մոտ երախտագիտության զգացողություն է առաջանում: Չէ որ ժամանակին բոլորս էլ մեր ուսուցիչներին շնորհավորել ենք ծաղիկներով, բացիկներով: Ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասաց դպրոցի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան