Գ. Մելիքյան. նամազի հետ կապված պատմությունը՝ որպես պանիսլամիզմի գաղափարախոսության տրամաբանական շարունակություն
«Իմ համոզմամբ, դա առաջին հերթին ընդդիմության կողմից քաղաքական սադրանք է՝ սպասվող ընտրություններին ընդառաջ և նպատակ է հետապնդում որոշակի ձայներ ապահովել ընդդիմությանը: Երկրորդը, խիստ հակահայկական տրամադրվածության քարոզչություն է, որի վերջնական նպատակը ևս ձայների որոշակի քանակի ապահովումն է»,- անդրադառնալով Անիի Մայր տաճարում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նախատեսված նամազին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա կարծիքով, այնուամենայնիվ դա բումերանգի էֆեկտ կունենա, և հակառակ ազդեցությունը կունենա, հատկապես միջազգային հանրության, Հայաստանի և հայկական Սփյուռքի արձագանքի տեսանկյունից: «Քրիստոնեական արժեք համարվող տարածքում նամազ անելու այդ լկտի քայլն առաջին հերթին պետք է համապատասխան արձագանք ստանա ՄԱԿ-ի, ԵԽ-ի ներքո գործող համապատասխան կառույցների, կոմիտեների կողմից»,- ասաց խորհրդարանականը:
Գ. Մելիքյանի համոզմամբ՝ այս քայլը ժողովրդավարության նահանջ է Թուրքիայի համար, Անկարան բազմիցս փորձել է ապացուցել, որ երկրում բարեփոխումներ է իրականացվել, իրենք դարձել են տոլերանտ, սակայն այս փաստը հակառակն է ապացուցում:
«Այս երևույթը պանիսլամիզմի գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն է, այն հատկապես դրսևորվում է քրիստոնեական արժեքների պղծման համատեքստում: Դա հակասում են մեծ թվով միջազգային նորմերին և սկզբունքներին: Թուրքիան դրանով փորձում է ցույց տալ իր նվաճողական, օկուպացիոն քաղաքականությունը. սա այդ նույն քաղաքականության շարունակությունն է մշակութային, հոգևոր բնագավառում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին