Միջոցառում-շնորհանդես. Հայրենական դեղարտադրության ներկա պատկերը և զարգացման հնարավորությունները
Վանաձորում երեկ տեղի ունեցավ «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» խորագրով միջոցառում-շնորհանդեսը, որը «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ կազմակերպել էին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «ՋԻ Էքս Պի» գերազանցության կենտրոնը: Զրույց-հանդիպմանը քննարկվեցին հայկական դեղարտադրության ներկա իրավիճակին, զարգացման հեռանկարներին, նվաճումներին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները, մարզի առողջապահության ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ՝ բժիշկներ, դեղագետներ:
GXP Գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի կարծիքով, վերջին տարիներին ոլորտը սկսել է աշխուժանալ և կան բավարար պայմաններ ոլորտի հետագա զարգացման համար:
« Մենք արդեն իսկ ունենք կայացած հայրենական դեղարտադրություն: Մեր դեղամիջոցները թեև դեռ փոքր ծավալով, բայց հաջողությամբ սպառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտահանվող երկրներում: «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» քարոզարշավի հիմնական նպատակն է բարձրացնել հայրենական դեղարտադրության ճանաչողությունը ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում»,- նշեց Արամ Ղազարյանը:
Հանդիպում -քննարկմանը ներկա հայրենական դեղարտադրության առաջատար ընկերությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում նշում էին, որ ոլորտի զարգացման հարցում շատ կարևոր է նաև պետության աջակցությունը:
«Արքիմեդ» դեղագործական ընկերության նրկայացուցիչ Խաչիկ Հակոբյանի գնահատմամբ, հասարակության մոտ հայրենական դեղերի հանդեպ անվստահությունը սկսել է նվազել: « Հավանաբար մեր սպառողները սկսել են վստահել մեզ: Մենք մեր հերթին, պետք է փորձենք արդարացնել նրանց սպասելիքները նրանց առաջարկելով տնտեսապես մատչելի և որակապես հուսալի արտադրանք»: