CAPS –ն աջակցում է դեղարտադրության մրցունակության բարձրացմանը
Հայրենական դեղարտադրության ոլորտում իր զգալի ներդրումն ունի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS («Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում») ծրագիրը: Ծրագիրն աջակցում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին, աշխատում է շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ մեծ ուշադրություն դարձնելով օրենսդրական բարեփոխումների և մասնավոր հատվածի զարգացմանը:
Ներկայացնելով ՀՀ դեղաարտադրության ներկա պատկերը և զարգացման հեռանկարները, CAPS ծրագրի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը նախ կարևորեց այն հանգամանքը , որ զարգացող բոլոր երկրներում աս ոլորտը ռազմավարական անվտանգության նշանակություն ունի:
«Հայրենական դեղարտադրությունը ունենալը 2 ուղղությամբ է կարևոր: Նախ դա ունի առողջապահական կարևորություն, այսինքն՝ ոլորտի կայացումը թույլ կտա բարձրացնել դեղերի մատչելիությունը, կլինի որակի ապահովման մշտական հսկողություն, կամրանա սպառող-արտադրող կապը: Եվ 2-րդը, դա տնտեսական նշանակությունն է: Այսինքն՝ կունենաք աշխատատեղերի աճ, տեխնոլոգիաների զարգացում՝ միջազգային GMP ստանդարտի ներդրում, արտահանման աճ, և այս ամենը կազդի նաև երկրի հեղինակության բարձրացման վրա»,- նշեց դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը:
Համաձայն վիճակագրության 2008-2009 դեղերի նկատվել է տեղական դեղարտադրության աճ: Այսօր ՀՀ-ում կա 4065 գրանցված դեղ, որից 300-ը հայրենական արտադրության (8 %-ը): Հայրենական արտադրության դեղամիջոցներն արտահանվում են Ռուսաստան, Դրղզստան, Տաջիկստան, Ուկրաինա, Թուրքմենստան, Մոլդովա, Բելառուս, Վրաստան և Ուզբեկստան: Մասնագետների հավաստմամբ, եթե լինի պետական աջակցություն և գործունեության համապատասխան պայմաններ, ապա հայկական դեղագործական արտադրանքը կարող է մրցունակ լինել արտերկրում արտադրվող և մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների հետ: