Սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի կտավներն էլ կցուցադրվեն Լուվրում
Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա կապակցությամբ Լուվրում «Կոնտրապունկտ - ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսը տեղի կունենա սահմանված ժամկետում` հոկտեմբերի 14-ից հունվարի 15-ը, ու ներկայացված կլինեն բոլոր աշխատանքները, այդ թվում նաև Ավդեյ Տեր-Օհանյանի:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով AFP-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել էր նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ» շարքի 4 աշխատանքների ցուցադրությունը Լուվրում, քանի որ, ըստ փոխնախարար Անդրեյ Բուսիգինի, նկարչի կտավները պարունակում են սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված կոչեր և հրահրում են ազգային և կրոնական թշնամանք: Քանի որ Ա. Տեր- Օհանյանի աշխատանքները թույլ չեն տվել տեղափոխել Ֆրանսիա, ցուցահանդեսի 7 մասնակիցներ բոյկոտել են և հրաժարվել իրենց աշխատանքները ցուցադրելուց:
Ըստ ֆրանսիական գործակալության, Լուվրը բանակցություններ էր սկսել, որպեսզի լուծեր առաջացած խնդիրը: Արդյունքում` ցուցադրությունը տեղի կունենա նախատեսված ժամանակաշրջանում, որին կմասնկացնեն «բոլոր նկարիչներն ու նրանց ստեղծագործությունները, որոնք մենք առաջարկել ենք ներառել»: Բացի այդ, Լուվրում նշել են, որ ռուսական ղեկավարությունը համաձայնություն է տվել ցուցադրել ավելի վաղ չթույլատրած կտավները:
Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Յուրի Ալբերտի, Ալեքսանդր Բրոդսկիի, Էրիկ Բուլատովի, Օլգա Չերնիշևայի, Էմիլյա և Իլյա Կաբակովների, Ալեքսեյ Կալլիմայի և այլ նկարիչների աշխատանքներ։
Նշենք, որ Ավդեյ Տեր-Օհանյանը սկանդալային նկարչի համբավ է ձեռք բերել 1998 թվականի «Արտ մանեժ» ցուցահանդեսի ընթացքում իր «Երիտասարդ անաստված» ակցիայով, որի ժամանակ կացնով ջարդել է ուղղափառ քրիստոնեական սրբապատկերների կրկնօրինակները: