Թուրք դիվանագետը փորձում է խառնվել Ավստրալիայի ներքին գործերին
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն (ANC Australia) հաղորդագրություն է տարածել, որով քննադատել է Թուրքիայի դեսպան Օղուզ Օզգեին: Վերջինս, կատարելով իր կառավարության քաղաքական պատվերը, վիզա ստանալու հարցում մերժել է ավստրալիացի երկու հնէաբանների` դրանով իսկ վտանգելով Թուրքիայի տարածքում գտնվող Գալիփոլի տարածաշրջանում իրականցվող պեղումների աշխատանքը: Այս տարածքը հատուկ պատմական նշանակություն ունի Ավստրալիայի համար, քանի որ այստեղ հազարավոր ավստրալիացիներ են զոհվել: ANC-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Դեսպանի մերժման պատճառն այն է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում Օսմանյան Թուրքիայում իրականացված 750 հազար ասորիների ցեղասպանությունը դատապարտող հուշակոթող է տեղադրվել: Ահաբեկման այս մեթոդները հատուկ են թուրքական ներկայիս իշխանություններին, որոնք մերժում են իրենց նախորդների կողմից հայերի, ասորիների և հույների հանդեպ իրագործած ցեղասպանությունը»:
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն իր օժանդակությունն է հայտնել Ասորական ունիվերսալ միությանն ու Ավստրալիայի հունական խորհրդին թուրքական կառավարությանն ու դեսպան Օղուզ Օզգեին քննադատելու հարցում:
«Մենք խնդրում ենք Ավստրալիայի կառավարությանը համապատասխան կերպով արձագանքել իր երկրի ներքին գործերին խառնվելու օտարերկրյա դիվանագետի փորձերին»,- նշված է ANC-ի հայտարարությունում: