Դևլեթ Բահչելի. Առաջիկայի ամենամեծ խնդիրը հայ-թուրքական հարաբերություններն են
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին մի խումբ կուսակիցների հետ եղել է Իգդիրի հայ-թուրքական Ալիջան սահմանակետում, որտեղ խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` նա անընդունելի է համարել հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ «ադրբեջանական հողերն օկուպացված են»:
Թուրք ընդդիմադիր գործիչը փորձել է հավաստիացնել, թե թուրք ժողովուրդը նման պայմաններում ընդառաջ չի գնա իշխանությունների` Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն միտված քայլերին: Բահչելիի բնութագրմամբ` Հայաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է իրականացնում և ցամաքային սահմանը չպետք է բացվի: Նա նաև նշել է, թե թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու համագործակցությունը հավերժորեն շարունակվող գործընթաց է: