Նարինե Հովհաննիսյան. Ավագ դպրոցը հնարավորութլուն է տալիս ճիշտ ընտրել ապագա մասնագիտությունը
«Ավագ դպրոցների ստեղծումը ունի բազմազան հիմնավորումներ, բայց ամենակարևորն այնն է, որ յուրաքանչյուր երեխա իր ընդունակություններին, գիտելիքներին համապատասխան ընտրի իր ապագա մասնագիտությունը: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նախկին կրթական համակարգի ուսումնական պլանն այնքան ճկուն չէր, որ երեխան կարողանար իր տեղը գտնել, իսկ ավագ դպրոց գալով` երեխան գիտի, որ եթե պետք է բուհ ընդունվի, ապա կգնա բնագիտական կամ հումանիար հոսք, իսկ եթե բուհ չի ընդուվելու` արհեստագործական հոսք:
Ն. Հովհաննիսյանի խոսքերով, նպատակը նաև այն է, որ 3 տարիների ընթացքում բավականին շատ ժամաքանակ անցնելով համապատասխան առարկաներից, երեխան հնարավորություն կունենա առանց կրկնուսույցի բուհ ընդունվել: Մասնավորապես, 10-րդ դասարանում առարկաների ժամաքանակի 30 տոկոսն ընտրում է աշակերտը, 11-րդ դասարանում 50 տոկոսն է լինելու ընտրովի, իսկ 12-րդ դասարանում` ժամաքանակի 70 տոկոսը: Այսինքն` եթե ընտրում է հայերեն, անգլերեն և մաթեմատիկա առարկաները, ապա 12-րդ դասարանում տվյալ առարկաներին ամեն օր մի քանի ժամ է հատկացվում: «Դա նշանակում է, որ կրկնուսույցի կարիք այլևս չի լինելու: Սակայն, եթե երեխան ցանկություն ունենա լրացուցիչ պարապել, ապա դա իր կամքն է, բայց կարծում եմ, որ մեծ մասին այդքան ժամաքանակը կբավարարի»,- ասաց Ն. Հովհաննիսյանը` հավելելով, որ ավագ դպրոցների ուսուցիչները կարող են բարձր որակի ուսուցում ապահովել.« Եւ ոչ միայն ավագ դպրոցներում, նաև հիմնական դպրոցներում կրթական որակը պետք է բարձր լինի: Ես վստահ ասում եմ, որ մեր դպրոցներում լավ ուսուցիչների հզոր բանակ կա»:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում աշակերտների հաճախելիությանը, Ն.Հովհաննիսյանը նշեց, որր նախարարությունը պարբերաբար ստուգայցեր է կատարում, իսկ հաջորդ շաբաթվանից բոլոր դպրոցներում վերահսկողությունն է իրականացնելու` կապված հաճախելիության հետ: Ըստ նրա, անցած տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10-րդ դասարաններում, նույնիսկ գրիպի համաճարակի ժամանակ, 10-րդ դասարաններում գրանցվել է բարձր հաճախելիություն:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է մի քանի տարի հետո վերադառնալ նախկին կրթական համակարգին, Ն.Հովհաննիսյանը բացառեց` ասելով, որ դա ռազմավարական ծրագիր է և պետությունը չի կարող ետ գնալ: «Հակառակը`առաջ ենք գնալու, ավագ դպրոցների զարգացման համար նոր մեթոդներ ենք մշակելու: Ետ դարձ այլևս չի լինելու»,- նշեց վարչության պետը:
Նշենք, որ հանրապետությունում ներկայում գործում է 91 ավագ դպրոց: Հաջորդ տարի նախատեսվում է բացել ևս 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան