Ադրբեջանի ընդդիմությանն աջակցում է արևմուտքը. իշխանությունը ցայտնոտի մեջ է
«Pia.az»-ին հասած տեղեկություններով` մի քանի օր առաջ լոյալ ընդդիմադիր համարվող կուսակցության նախագահներից մեկի միջոցով ընդդիմության լուրջ թևերից մեկին մեծ քանակությամբ փող է փոխանցվել: Փողը տրվել է ոչ թե իշխանության հետ համագործակցելու, այլ իշխանությանը հարված հասցնելու համար:
Սակայն խնդիրը դրանով չի ավարտվում: Նշվում է, որ ներկայումս իշխանությանն անհանգստացնող հարցերից մեկն էլ այն է, որ Արևմուտքի կողմից ընդդիմությանն աջակցելու լուրեր են պտտվում: Այդ պատաճառով էլ իշխանությունն առաջին հերթին կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության քվոտայով պատգամավորության թեկնածուներին արգելել է զբաղվել քարոզչական գործով: Բացի դրանից, արգելվել է հեռուստատեսությամբ վճարովի քարոզարշավը:
Աղբյուրի խոսքերով, նման մի հանձնարարություն էլ պատրաստվում է թերթերի համար:
«Հետաքրքիր նրբերանգներից մեկն էլ այն է, որ ընտրատեղամասերում իշխանությունից դժգոհ անձինք էլ են աջակցում պատգամավորության թեկնածուներին: Բաքվի Բինագադի շրջանում նույնիսկ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ գործադիրի ղեկավար Ալի Գոջաևը, միջամտելով ընտրական գործընթացին, հանձնարարել է ամեն գնով չգրանցել ընդդիմադիր թեկնածուներին: Հայտնվում է նաև, որ մոտ օրերին իշխող կուսակցությունը հասարակությունից գաղտնի ընդարձակ կազմով հավաք է անցկացնելու»,- գրում է «Pia.az»-ը: