Տոնական հանդիսություն, պարգևների ու մրցանակների հանձնում` նվիրված Ուսուցչի օրվան
Այսօր Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական և հասարակական այլ գործիչներ: Հանդիսության ընթացքում մի խումբ մանկավարժների կտրվեն պետական պարգևներ, ինչպես նաև «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ մրցույթների» հաղթողներին կհանձնվեն մրցանակներ:
Նշենք նաև, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունը, որը նույնպես նվիրվում է Ուսուցչի օրվան:
Ուսուցչի համաշխարհային օրը, որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան