Շ.Թորոսյան. «Վաշաձեն ցինիկ է»
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այցը Հայաստան ու հատկապես նրա համատեղ ասուլիսը հայաստանյան գործընկերոջ հետ երեկ ու այսօր լրատվամիջոցներում թերևս ամենաքննարկվող հարցն է: Ինչն էլ զարմանալի չէ, քանի որ վերը նշված ասուլիսում Վրաստանի պաշտոնյան, մեղմ ասած, հակասական հայտարարություններով հանդես եկավ:
Օրինակ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Վաշաձեի այցելությունները` կոնկրետ Ջավախքի հիմնախնդիրների լուծման առումով, երբեք արդյունավետությամբ աչքի չեն ընկել, սակայն այն, ինչ երեկ հայտարարեց արտգործնախարարը, պարզապես զավեշտ է. «Վաշաձեի հայտարարությունն այն մասին, թե «ես չգիտեմ ինչ է Ջավախքը, այդպիսի տարածք քարտեզի վրա չկա» պարզապես ցինիզմ է, որը սազական չէ նաև դիվանագետին»:
Շ.Թորոսյանն առաջարկեց դասընթացներ կազմակերպել, որպեսզի Վրաստանի արտգործնախարարը հասկանա, որ գոյություն ունի Սամցխե-Ջավախք վարչական միավորը, որի առավել ընդգրկուն մասը հենց հայաբնակ Ջավախքն է. «Ինքը չգիտի՞, որ Վրաստանի քարտեզի վրա կա Ախալքալակի, Նինոծմինդայի, Ծալկայի և այլ շրջաններ, որոնք պարունակում են այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնում ենք… թող այդ շրջանները ճանաչի ու նաև այդ շրջանների ազգաբնակչության խնդիրները լուծի, քանի որ նրանք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են ու հարկեր են վճարում», - նշեց պատգամավորն ու ավելացրեց` որքանո՞վ է նորմալ, որ արտգործնախարարը տեղյակ չէ ահռելի շրջանի մասին, որի բնակչությունը պետության առջև կատարում է բոլոր պարտավորությունները, ինչ ողջ Վրաստանում է:
Հաջորդը` Գ.Վաշաձեն հայտարարեց, որ հայկական դպրոցների առումով էլ ամեն ինչ շատ լավ է և, իբր, 103 հայկական դպրոց է վերանորոգվել: Սրան ի պատասխան Շ.Թորոսյանը նշեց, որ Գ.Վաշաձեն չգիտես ինչու Վրաստանի պետությանն է, փաստորեն, վերագրել նաև այն դպրոցները, որոնք վերանորոգվել են Հայաստանի կառավարության միջոցներով` նշված թվի ավելի քան կեսը: Այդ բոլոր դպրոցները գրեթե Ջավախքում են, բայց նրանցից մոտ 8-10-ն է, ըստ մեր զրուցակցի, որ վերանորոգվել է Վրաստանի կառավարության տրամադրած միջոցներով:
Իսկ ահա «Չկա այնպիսի խնդիր, որը հնարավոր չէ լուծել հայ-վրացական բանակցությունների շրջանակում»: Այս արտահայտությունը երեկվանից` Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների Երևանում կայացած համատեղ ասուլիսից հետո, դարձել է թևավոր խոսքի նման մի բան, քանի որ բոլորը քաջ գիտակցում են, որ խնդիրները բազմազան ու բազմապիսին են, բայց բանակցությունները դրանցից և ոչ մեկը, գոնե մինչև օրս, չեն լուծել:
«Այո, մենք առաջնորդվում ենք Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ սկզբունքով, բայց դրա համար շատ թանկ գին ենք վճարում` Ջավախքի ուծացում ու հայաթափում»,-Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը համաձայնեց նաև մեր այն դիտարկման հետ, որ հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստը կարելի է դիտարկել իբրև մութ սենյակում կատու որսալու գործընթաց` բոլորը գիտակցում են, որ խնդիրներ կան, այդ թվում, անշուշտ, նաև իշխանությունները` ի դեմս նույն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, բայց…
«Ջավախքի ուծացումն ու հայաթափումը մի քանի անգամ ավելին է, քան հայ-վրացական ջերմ հարաբերությունները, քանի որ Ջավախքը կորցնելուց հետո խնդրենք էլ ` բարեկամություն Վրաստանի հետ չենք ունենալու»,- հավելեց Շ.Թորոսյանը:
Նշենք, որ պատգամավորն այսօր պատրաստվում է թեմայի վերաբերյալ համապատասխան հայտարարություն տարածել, ինչպես նաև վաղը հարցադրումով դիմել կառավարությանը` ավանդական Ազգային Ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: