Տ.Դավթյան. 2011թ.-ի Հայաստանի պետական բյուջեն կունենա սոցիալական ուղղվածություն
2011թ.-ի պետական բյուջեն կունենա սոցիալական ուղղվածություն: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2010թ.-ի համեմատ զգալիորեն ավելանալու են տարբեր ոլորտներին հատկացվող գումարները: Մասնավորապես, շուրջ 15 տոկոսից ավելի միջոցներ կտրամադրվեն մշակույթի նախարարությանը, 9 մլրդ դրամով կավելանան առողջապահությանն ուղղված հատկացումները, ինչպես նաև կավելացվեն գիտությանն ու կրթությանը հատկացվելիք միջոցները, որոնք կուղղվեն դպրոցաշինությանն ու այլ նպատակներին:
Ըստ նախարարի, երկրի անվտանգության սոցիալական պաշտպանությանն ուղղված հատկացումները կկազմեն բյուջեով նախատեսված ծախսային մասի` շուրջ 1 տրիլիոն դրամի 25 տոկոսը, իսկ սոցիալ-մշակութային հատկացումները` ծախսային մասի 45 տոկոսը: Մեծ են լինելու նաեւ պաշտպանական ոլորտին ուղղված հատկացումները:
Տ.Դավթյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն նաեւ կենսաթոշակների ավելացմանը: Նախարարի խոսքերով, շարունակվելու են նաև ավանդների փոխհատուցումները, որոնց համար հաջորդ տարի հատկացվելու է 1,6 մլրդ դրամ, ինչը նախաճգնաժամային տարում` 2008 թ.-ից ավելի է: Կավելանան նաեւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցության գումարները:
Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, Տ.Դավթյանը հայտնեց, որ հաջորդ տարի չնչին չափով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: «Աշխատավարձերի բարձրացում նախատեսել ենք ցածր միջոցներ ունեցող ոլորտներում, օրինակ` մշակույթի, գիտության եւ այլն»,- ասաց Տ. Դավթյանը:
Խոսելով գազի գնի հնարավոր թանկացումից, նախարարն ասաց, որ այդ հարցում դեռեւս պատասխաններ չեն ստացել ռուսական կողմից: Այնուամենայնիվ, եթե բարձրացումներ տեղի ունենան, ապա ՀՀ կառավարությունն ունի այդ հարցի լուծման մեխանիզմներ: Նշվեց նաև, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած գազի թանկացումը պետությունը մեղմել է` բարձրացնելով նպաստներն ու թոշակները: Ըստ այդմ, նոյեմբերից կենսաթոշակներն կավելանան 10 տոկոսով, իսկ սոցիալական նպաստները` 15 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա