Ադրբեջանի իշխող կուսակցությունը պաշտոններ է խոստանում իր ցուցակից դուրս մնացած պատգամավորներին
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում 125 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել ընտրատեղամասեր: Սա խիստ դժգոհություն է առաջացրել այն պատգամավորների շրջանում, ովքեր դուրս են մնացել իշխանական ցուցակից: Վերջիններս սկսել են ելույթներ ունենալ իշխանության տարբեր խմբերի դեմ: ԵԱԿ ներսում առկա դժգոհության ալիքը խիստ անհանգստացրել է կուսակցության ղեկավարությանը:
ԵԱԿ վարչական խորհրդի անդամներից մեկը, ով չի ցանկացել անունը հրապարակել, «Բիզիմ յոլ»-ին հայտնել է, որ կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հանձնարարությամբ հանդիպում է ունեցել այդ անձանց հետ: Զրույցի ժամանակ Ալի Ահմեդովը հորդորել է նրանց համբերություն ունենալ և հավատացրել, որ ընտրություններից անմիջապես հետո նրանք կնշանակվեն նոր պաշտոններում: Ալի Ահմեդովը խորհուրդ է տվել նրանց չհաղորդակցվել մամուլի հետ և սպառնացել, որ հաղորդակցվողները պաշտոններ չեն ստանա: