Ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ. ՀՀ ԱԳՆ-ն բնութագրել է Մանվել Սարիբեկյանի հետ կատարվածը
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները փորձեցին պարզել` ինչպիսին է Հայաստանի արտգործանախարարության արձագանքը Ադրբեջանում հայաստանցի Մանվել Սարիբեկյանի հետ կատարված ոճրագործությանը:
Նախարար Նալբանդյանը նախ խորին ցավակցություններ հայտնեց երիտասարդ Մանվել Սարիբեկյանի հարազատներին ու հավելեց. «Երիտասարդ հովվի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը:
Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է»:
Նշենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր հայտարարություն ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ` այն որակելով որպես ինքնասպանություն, դրան հաջորդել էր ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որում նշված էր. «Որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա: Հրավիրում ենք միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին»
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին տեղեկություններ էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 11-ին, Արցախի հյուսիս-արևելյան հատվածից (դա այն նույն հատվածն էր, որի ուղղությամբ ադրբեջանցի դիվերսանտները սույն թվականի հունիս 18,-ին, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին դիվերսիոն գործողություններ էին իրականացրել) մուտք են գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող շրջաններ և փորձել դիվերսիոն գործողություն իրականացնել: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հաղորդել էր, թե դա հայկական կողմին չի հաջողվել, և իրենք դիվերսանտ են գերեվարել՝ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանին, հայկական կողմն էլ հերքել էր` ասելով` ոչ թե դիվերսանտ է, այլ հովիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան