ՀՀ վարչապետ. Այսօր ուսուցիչն է կերտում մեր ապագան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ուսուցչի տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով ուսուցիչներին` վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից, ցանկանում եմ սրտանց շնորհավորել ներկա գտնվող բոլոր ուսուցիչներին: Տասնյակ երկրներում այսօր կարևորվում է ուսուցչի առաքելությունը: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ նույնպես կարողացել է ըստ արժանվույն գնահատել այն և ուսուցչի նկատմամբ հարգանքը հաղորդել մեզ, իսկ մենք, համոզված եմ, այս մոտեցումը հաղորդելու ենք մեր ապագա սերունդներին, որովհետև մանկավարժը ամենակարևոր մասնագիտությունն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն ասել է մի թևավոր խոսք. «Ցանկացած վարչապետ կերազեր ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին ունի ուսուցիչը»: Դա այդպես է. այսօր ուսուցիչն է կերտում մեր ապագան: Եթե մենք ուզում ենք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը տասնամյակներ անց, ապա այն պետք է տեսնենք մեր ուսուցչի մեջ: Պետք է տեսնենք, թե ինչպիսի արժեքային համակարգ են նրանք կրում, ինչպես են դաստիարակում մեր երեխաներին` վաղվա մեր քաղաքացիներին, ինչպիսի կենցաղվարություն են ուսուցանում, մտածելու ինչպիսի կարողություններ են տալիս և ինչպիսի գիտելիքներ ու արժեքներ են սերմանում մեր երեխաների մեջ: Հենց այդպիսին էլ լինելու է Հայաստանի Հանրապետության ապագան և հասկանալի է, որ դրանից ավելի մեծ ու կարևոր իշխանություն գոյություն չունի:
Դա նշանակում է, որ ուսուցիչները պետք է մշտապես լինեն մեր ուշադրության կենտրոնում, որովհետև դա ազգային անվտանգության և մեր ազգի ապագայի խնդիրն է: Եվ ես ուրախ եմ ու հպարտ, որ այսօր ունեմ այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեծարելու մեր ուսուցիչներին և շնորհավորելու իրենց տոնի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն եմ ունենալու պարգևատրել լավագույններին, որոնց ի դեպ ընտրել են հենց այդ ոլորտի պրոֆեսիոնալները:
Եվս մեկ անգամ ուզում շնորհավորել բոլոր ուսուցիչներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ»:
Կառավարության ղեկավարը պարգևատրել է լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ և դպրոցի լավագույն տնօրեն անվանակարգերում հաղթող ճանաչված համապատասխանաբար Սյունիքի մարզի քաղաք Ղափան քաղաքի թիվ 9 դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանին, Ղափանի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակչուհի Արշալույս Վեզիրյանին, Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանին:
Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալներով ու շնորհակալագրերով խրախուսել է նաև հանրապետության տարբեր դպրոցների մի շարք ուսուցիչների:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան