Ավդեյ Տեր-Օհանյանի կտավներն այդպես էլ չեն ցուցադրվի Լուվրում
Ռուսաստանն այդպես էլ չի թույլատրել Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա կապակցությամբ հոկտեմբերի 14-ից Լուվրում բացվող «Կոնտրապունկտ - ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսում ներկայացնել սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի կտավները: Այս մասին հայտնում է OpenSpace-ը` հղում անելով Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մարատ Գելմանի բլոգը. «Ավդեյ Տեր-Օհանյանի կտավներն այդպես էլ, ըստ էության, չեն ցուցադրվի»:
«Երեք օր առաջ ինձ զանգահարեց «Ֆրանսիայում Ռուսաստանի տարի» միջոցառումների ծրագրի ղեկավար Նիկոլյա Շիբաևը ու ասաց, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունից իրեն վստահեցրել են, որ հանվել է արգելքը: Այսօր իմ գործընկերոջը հստակ բացատրել են` «արգելքի հանման ազդանշան չի եղել»»:
Ն. Շիբաևը հայտնել է, որ մշակույթի նախարարությունից հոկտեմբերի 1-ին իրեն ասել են, որ բոլոր մասնակիցների կտավները թույլատրություն են ստացել հանել Ռուսաստանից: Միաժամանակ Լուվրից էլ հայտնել են, որ ցուցադրությանը կներկայացվեն բոլոր կտավները:
Ըստ աղբյուրի, ծրագրերի ղեկավարը, ով այժմ, գտնվում է Մոսկվայում, շատ է զարմացել` իմանալով, որ նկարչի կտավները չեն ցուցադրվելու. «Եթե ինչ-որ բան այն չլիներ, ինձ Փարիզից կզանգահարեին»:
Նախարարությանից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել էր նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ» շարքի 4 աշխատանքների ցուցադրությունը Լուվրում, քանի որ, ըստ փոխնախարար Անդրեյ Բուսիգինի, նկարչի կտավները պարունակում են սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված կոչեր և հրահրում են ազգային և կրոնական թշնամանք: Քանի որ Ա. Տեր- Օհանյանի աշխատանքները թույլ չեն տվել տեղափոխել Ֆրանսիա, ցուցահանդեսի 7 մասնակիցներ բոյկոտել են և հրաժարվել իրենց աշխատանքները ցուցադրելուց:
Բայց Լուվրը բանակցություններ էր սկսել, որպեսզի լուծեր առաջացած խնդիրը: Հոկտեմբերի 1-ին տարածվեց տեղեկություն, որ բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության` ցուցադրությունը տեղի կունենա նախատեսված ժամանակաշրջանում (հոկտեմբերի 14-ից հունվարի 16-ը), որին կմասնկացնեն «բոլոր նկարիչներն ու նրանց ստեղծագործությունները, որոնք մենք առաջարկել ենք ներառել»:
Նշենք, որ Ավդեյ Տեր-Օհանյանը սկանդալային նկարչի համբավ է ձեռք բերել 1998 թվականի «Արտ մանեժ» ցուցահանդեսի ընթացքում իր «Երիտասարդ անաստված» ակցիայով, որի ժամանակ կացնով ջարդել է ուղղափառ քրիստոնեական սրբապատկերների կրկնօրինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները