Դասախոսները հույս ունեն, որ կվերականգնվեն իրենց ոտնահարված աշխատանքային իրավունքները
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ֆրանսիական համալսարանից դեռևս օգօստոսին հեռացված դասախոսները հայտնեցին, որ իրենց աշխատանքային իրավունքերի վերականգնման համար դիմել են դատարան:
Դատը տեղ է ունենալու հոկտեմբեր 11-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում:
Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոս Հերմինե Ահարոնյանը պատմեց, որ դեռևս օգոստոս ամսին աշխատանքից հեռացվել է շուրջ 29 դասախոս, այն պատճառաբանությամբ, թե ավարտվել է աշխատանքային պայմանագրերի ժամկետը: «Խնդիրն այն է, որ մենք համալսարանի հետ պայմանագրերը կնքել էինք 2007-2008 թվականների համար, սակայն 2008 թվականից հետո մենք շարունակել ենք աշխատելը` առանց պայմանագրերը երկարանցնելու մինչև 2010 թվականը: Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն, երբ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ աշխատողը շարունակում է աշխատել, այդ դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված պայմանագիր: Այսինքն, ըստ օրենքի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծել չի կարելի: Այդ հիմքը, որը համալսարանը պնդում է անօրինական է»,-իրավիճակը ներկայացրեց դասախոսը:
Ասուլիսին ներկա դասախոսները հայտնեցի, որ երբ իրենք սկսեցինք պայքարել իրենց իրավունքների համար, արդեն համալսարանը իրենց աշխատանքից հեռացնելու համար փորձել է այլ փաստեր փնտրել. թե դասախոսները աշխատանքից հեռացվել են կարգապահություն խախտելու համար, կամ էլ լավ մասնագետներ չեն եղել և այլն:
Նրանք նշեցին, որ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար գրավոր նամակով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահի աշխատակազմին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը:
Հերմինե Ահարոնյանը հայտնեց, որ իրենց նամակին արձագանքել է միայն ՀՀ նախագահի աշխատակազմը:
Դասախոսները շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահից, որ իրենց նամակին շատ շուտ արձագանքել է: «Մենք մեր նամակում խնդրել էինք, որ օրենքի դաշտում վերոնշյալ խնդրին լուծում տրվի: ՀՀ նախագահի աշխատակազմը հանձնարարել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այդ կառույցը ստուգումներ իրականացնի համալսարանում:
Ստուգումների արդյունքում պետական տեսչությունը որոշել է, որ գործողության ժամկետները լրանալուց հետո աշխատանքային պայմանագրերը չեն լուծվել օրենքով սահմանված կարգով, աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, ինչը հանգեցրել է աշխատանքային պայմանագրերը անորոշ ժամկետով կնքված հանդիսանալուն, հետևաբար պայմանագրերը չէին կարող լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով»,- պատմեց Հերմինե Ահարոնյանը:
Նա նշեց, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գտնում է, որ համալսարանը իրավունք չուներ աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալու հիմքով լուծարել դասախոսների աշխատանքային պայմանագրերը:
«ՀՀ նախագահի կողմից մեր նամակի պատասխանը ստանալուց հետո, մեզ համար արդեն էական չէ ոչ մի կառույցի պատասխանը»,- ասացին դասախոսները:
Աշխատանքից հեռացված դասախոսները հույս հայտեցին, որ դատարանն այս ամենը հաշվի առնելով կվերականգնի իրենց ոտնահարված աշխատանքային իրավունքները և իրենք կշարունակեն աշխատել համալսարանում:
Բացի այդ, դասախոսները հայտնեցին, որ իրենց աշխատանքային տարիներին աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Նրանք նշեցին, որ իրենց աշխատանքային տարիներին արձակուրդայիները չեն վճարվել, իսկ որոշ ամիսներին աշխատավարձերը ժամանակին չեն վճարվել: «Սակայն մենք լռել ենք` հասկանալով, որ համալսարանը ֆինանսական խնդիրներ ունի: Իսկ այսօր համալսարանը այս ամենը հաշվի չառնելով աշխատանքից մեզ հեռացրել է»,-դժգոհեցին աշխատանքից հեռացված դասախոսները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան