Ռուսաստանը փոխհատուցելու է Իրանին
Ռուսաստանը բանակցություններ է վարում Իրանին փոխհատուցում տալու ուղղությամբ` C-300 հակաօդային համակարգերի վաճառքը չեղյալ հայտարարելու պատճառով:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուստեխնոլոգիաների ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Իրանին հակաօդային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը կնքվել է դեռ 2007 թվականին, բայց մինչև օրս հրթիռներն այդպես էլ Իրան չեն հասել: Սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ընդունած որոշմամբ արգելվել է Իրանին վաճառել C-300 համակարգեր:
«Այժմ բանակցություններ են ընթանում` ինչպես փոխհատուցենք կորուստը: Մենք այժմ պատրաստում ենք անհրաժեշտ փաստաթղթերը: Փոխհատուցվող գումարը տրամադրվելու է պետական բյուջեից»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ C-300 համակարգերը պատրաստ են ու չի բացառել, որ դրանք կարող են վաճառել այլ երկրի և ստացված գումարի մի մասով փոխհատուցել Թեհրանին:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դոլար: