Գրադարանավարի օր. «իսահակյանցիները» փորձում են անմոռաց դարձնել իրենց օրը
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գրադարանավարները սովորականից ավելի ուշ են աշխատանքից տուն գնալու. մինչև ուշ երեկո`ժամը 22:00-ն գրադարանը բաց է լինելու: Գրադարանի ղեկավարությունը մի շարք տոնական միջոցառումներ է կազմակերպել. 120 «իսահակյանցի» գրադարանավարի օրն անմոռաց դարձնելու համար քաղաքապետարանը 500 հազար դրամ է նվիրաբերել:
«Այսօր արդեն առավոտյան ժամը 9-ին, երբ գրադարանը բացվել է, ծաղիկներով ենք դիմավորել մեր աղջիկներին: Այսօր նաև մեր լավագույն աշխատակիցները մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից պատվոգրեր են ստանալու», -Panorama.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Նրա խոսքով, գրադարանում ցուցահանդես է բացվել, «Կարին» ազգային երգի-պարի համույթը համերգային ծրագիր է ցուցադրելու, մանկական սպասարկման սրահում հեքիաթների ցուցահանդես է լինելու, ցուցադրվելու են փոքրիկներին շատ սիրելի մուլտֆիլմեր:
Իսահակյանի պոեզիայի սիրահարների համար էլ են մտածել և երեկոյան ժամը 19:00-ին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգ-երաժշտություն է հնչելու: Այնուհետև ցուցադրվելու է Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
«Մեր գրադարանի բոլոր 7 մասնաճյուղերում միջոցառման հստակ ծրագիր կա, մինչև գիշերը ժամը տասը բաց են լինելու», -վստահեցրեց տնօրենը:
Տոնական օրով գրադարանի տնօրենը խնդիրների մասին չխոսեց, ավելին, ասաց, որ իրենք աշխատում են վերացնել բոլոր խնդիրները: Թվարկեց գրադարանի առավելությունները` անվճար ինտերնետ, օտար լեզուների անվճար դասընթացներ են, մշտապես համալրվող գրքային ֆոնդ:
Հասմիկ Կարապետյանի խոսքով, գրքային ֆոնդը համալրելու համար պետական միջոցները բավարար չեն: «Հատկացված 2 մլն դրամով չենք կարող լուրջ համալրում կատարել, բայց դրանով մենք գնում ենք հիմնականում մասնագիտական գրականություն` տարեկան 300-400 օրինակ գիրք», -նշեց տիկին Կարապետյանը` ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Իսահակյանի անվան գրադարանի ֆոնդը համալրվել է 13 700 կտոր գրքով:
«Դրանք նվիրատվություններ են, դրանք դրամաշնորհային ծրագրեր են, դրանք գրահրատարակիչների հետ երկար աշխատանքի արդյունք են: Երբ ասում են համալրումը բարդ գործ է, ես նշում եմ, որ մեր համալրման բաժնի աղջիկները ամսվա մեջ ունեն հստակ օրեր, թե որ օրը որ հրատարակչություն պիտի գնան, գոնե մեկ օրինակ տվյալ գրքից գրադարան բերելու համար», -նկատեց Հասմիկ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին