Շ. Թորոսյան. Ամբողջ կյանքում Վերին Լարս ե՞նք բացելու, իսկ այդ ընթացքում նրանք կհասցնեն հայաթափել Ջավախքը
«Ջավախահայը իրավունք ունի նորմալ ապրելու: Այսօր ցավոք, դա տեղի չի ունենում, վրացական իշխանությունների կողմից անընդհատ խախտվում են նրանց իրավունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ջավախահայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նա հատուկ վրացական իշխանությունների համար ընդգծեց, որ ջավախահայությունն իր պատմական տարածքում ապրող հայերի ստվար հատված է, ով իրավունք ունի օգտվել այն իրավունքներից, որոնք ունեն ազգային փոխրամասնությունների ներկայացուցիչները:
Շ. Թորոսյանը ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների պահվածքը որակեց որպես լկտի: «Նրանք հասան լկտիության այն աստիճանի, որ Վրաստանի արտգործնախարար Վաշաձեն երևանյան ասուլիսում հայտարարում է, թե չգիտի, ինչ է Ջավախքը: Հաջորդ լկտիությունն այն էր, որ վրացական կողմը մինչ Վաշաձեի Երևան այցելելը կրկին խնդիրներ ստեղծեց Վերին Լարսի անցակետի հետ կապված»,-ասաց պատգամավորը:
Թորոսյանի համոզմամբ, Վրաստանի իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը մի նպատակ ունի` խեղդել վրացահայություն ու մասնավորապես ջավախահայության խնդիրների բարձրաձայնելն ու դրանց համար լուծումներ պահանջելը, վրացական իշխանությունները անընդհատ նորանոր խնդիրներ են ստեղծում, ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու նպատակով:
«Կատարվում են քայլեր, որոնց արդյունքում ստիպված ենք լինում լուծում տալ հենց այդ հարցերին, մոռանալով ջավախահայության առջև ծառացած հիմնական խնդիրների մասին: Այսպես ո՞ւր ենք հասնելու, ամբողջ կյանքում Վերին Լարս ե՞նք բացելու, իսկ այդ ընթացքում նրանք կհասցնեն հայաթափել Ջավախքը»,-զայրացավ Շ. Թորոսյանը:
Նախորդող հրապարակում`
Է. Նալբանդյանը` Շ. Թորոսյանին. Էմոցիոնալ մոտեցումներով հարցեր չեն լուծվում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում