Արթուր Աբրահամը Դիրրելին ստիպել է հեռանալ «Super Six» մրցաշարից
«Showtime» հեռուստաընկերության ներկայացուցիչ Քեն Հերշմանը պաշտոնապես հաստատել է, որ 26-ամյա ամերիկացի Անդրե Դիրրելն ավարտել է իր ելույթները «Super Six World Boxing Classic» գերմրցաշարում: Հեռուստաալիքը, սակայն, մտադիր է մրցաշարը հասցնել ավարտին, չնայած այն հանգամանքին, որ վնասվածքի պատճառով արդեն երեք մասնակիցներ հրաժարվել են շարունակել պայքարը պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում հաղթողի կոչումը նվաճելու համար: Հերշմանի խոսքերով` երկրորդ միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը, ում հետ Դիրրելը պետք է հանդիպեր նոյեմբերի 27-ին, այդ օրը պետք է կոչման պաշտպանության համար մենամարտ անցկացնի: Այդ մարտը, սակայն, մրցաշարի մաս չի դառնա, ինչը մրցաշարի կանոկարգով թույլատրված է:
Դիրրելի մարզչի` Լեոն Լոուսեն կրտսերի խոսքերով` բռնցքամարտիկը նյարդերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որոնք կարող են մարզական կարիերայի ավարտի պատճառ դառնալ:
«Անդրեն ասում էր, որ գլխացավեր ու գլխապտույտներ է ունենում,- ասել է Լոուսոնը:- Մենք նրան ուղարկեցինք թերապևտի, իսկ այնուհետև` նյարդաբանի մոտ: Վերջինս անհանգստացավ: Ասաց, որ Անդրեն հիմա չի կարող ռինգ դուրս գալ: Անհրաժեշտ է, որ նվազագույնը երեք ամիս գլխացավեր չունենա, որպեսզի թույլատրվի շարունակել ելույթները բռնցքամարտում: Բանը նույնիսկ կարող է հասնել նրան, որ Անդրեն ստիպված լինի նստել, այլ ոչ թե պառկել, քանի որ այդ դեպքում նրա վիճակը կարող է վատանալ»:
Լոուսոնը նշել է, որ Դիրրելի գլխացավերն ու գլխապտույտներն սկսվել են Արթուր Աբրահամի հետ մենամարտից հետո, որում ամերիկացին հաղթանակ տոնեց` ստիպելով հայ բռնցքամարտիկին, որպեսզի նա իրեն հարվածի կանոնների խախտումով: Դա, ի դեպ, տեղի ունեցավ 11-րդ ռաունդում: Արթուր Աբրահամը որակազրկվեց… Ըստ Լոուսոնի` հենց այդ հարվածից հետո են Դիրրելի մերձավորները փոփոխություններ նկատել նրա վարքագծում:
«Ամենակարևորը նրա անվտանգությունն է,- ասել է Լոուսոնը:- Ես մտածում եմ միայն Դիրրելի մասին: Նույնիսկ հիմա ստիպված ենք համոզել նրան, որ առողջության հետ չի կարելի խաղալ: Իհարկե, Անդրեն հուզված է: Նա ցանկանում է մենամարտել: Մենք հավաքվեցինք և բացատրեցինք նրան, որ անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել ելույթները: Հնարավոր է, որ ավելի ուշ Անդրեն կկարողանա վերադառնալ ռինգ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան