Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին
Հոկտեմբերի 12-16-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնի բացման օրը Շարլ Ազնավուրի հրապարակում կանցկացվի մանուկներին նվիրված տոնական մեծ համերգ:
Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Երևան կժամանեն կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև անվանի ռեժիսոր, անիմատոր Գարրի Բարդինը, որի «Անճոռնի ճուտիկ» հայտնի մուլտֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 14-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Այս տարի փառատոնին կմասնակցի նաև «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչևսկին:
Փառատոնի նախագահը նշեց, որ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին այս տարի ներկայացվել է 800 հայտ, սակայն ընտրվել են 81 ֆիլմ 27 երկրից: Նունե Մանուկյանը հայտնեց, որ այս տարի առաջին անգամ սահմանվել է նաև նոր անվանակարգ `«Ես իրավունք ունեմ» խորագրով: Այս անվանակարգում ներկայացված է 21 ֆիլմ: Այս տարի փառատոնի շրջանակներում`«Ես իրավունք ունեմ» խորագրով կանցկացվի գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է 60 աշխատանք: Փառատոնի շրջանակներում նախատեսված է նաև վարպետության դասեր արվեստի տարբեր կրթօջախներում, անվանի գործիչների հանդիպումներ երեխաների և պատանիների հետ, այցելություն Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատուն:
Նա նշեց, որ «Ես իրավունք ունեմ» խորագրով նոր անվանակարգի ժյուրիի նախագահը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այսպիսի միջոցառումներն օգնում են ևս մեկ անգամ շեշտելու, որ երեխաները նույնպես իրավունքներ ունեն և իրենք են իրենց իրավունքերի տերը: «Երեխաներին մանուկ հասակից պետք է սովորեցներ և տեղեկացնել, որ իրենք այս հասարակությունում նույնպես իրավունքներ ունեն»,- հավելեց նա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և Բաց հասարակության ինստիտուտի «Օժանդակություն» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նույնպես կարևորեցին նման փառատոնի անցկացումը և «Ես իրավունք ունեմ»փառատոնի նոր անվանակարգը: Լեյլի Մոշիրին նշեց, որ կարևոր է, որպեսզի հանրությունը հասկանա, որ երեխաների իրավունքները նույնպես չպետք է ոտնահարվեն:
Գեղարվեստական ղեկավար` Նելլի Ալելովան նաև հայտնեց, որ կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Դու մենակ չես, միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որի շրջանակներում բժշկական անվճար հետազոտություն կանցնեն առողջական խնդիրներ ունեցող երեխաները և պատանիները:
Հոկտեմբերի 16-ից հետո փառատոնը կայցելի նաև տարբեր մարզեր:
Նշենք, որ փառատոնի կազմակեպիչն է Երեխաների և պատանիների համար կիոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին