Համակարգչային դասընթացներ խոցելի խմբերի համար` բարելավված համակարգչային կենտրոնների միջոցով
ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը իր գործունեության շրջանակներում այս տարի «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ» միջեկեղեցական բարեգործական Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վեբ դիզայնի և կառավարման դասընթացներ, որոնց մասնակցեցին տասը համակարգչային մասնագետներ:
Վեբ դիզայնի դասընթացը, որը բաղկացած էր 12 թեմաներից, մասնակիցներին սովորեցրեց ստեղծել ինտերնետային կայքեր, ինչպես նաև ուսուցանել իրենց փորձը մյուսներին: Դասավանդվող թեմաներն ընդգրկում էին բրաուզերներ, էկրանի խտություն, խորացված HTML խմբագրում, թվային պատկերներ, գունային եղանակներ, պատկերի մշակում, DHTML, ֆլեշ տեխնոլոգիա, հղումներ, կոդավորում, վեբ սերվերներ և այլն:
Կառավարման դասընթացը նպատակ ուներ հարստացնել մասնակիցների` համայնքների հետ արդյունավետ աշխատելու, նրանց կարիքները գնահատելու, համակարգչային գիտելիքները խորացնելու և համայնքների ներկայացուցիչներին համակարգչային կենտրոնների գործունեությանը ներգրավելու փորձը:
«Դասընթացները մի քանի կարևոր նպատակներ են հետապնդում: Առաջին հերթին, դրանք կբարելավեն համակարգչային կենտրոնների աշխատակիցների տեխնոլոգիական հմտությունները` հնարավորություն ընձեռելով նրանց ավելի շատ և արդյունավետ դասընթացներ վարել: Երկրորդ, վերապատրաստված մասնագետների առաջարկը մեծացնելով` խոցելի խմբերի ավելի մեծ թվով ներկայացուցիչներ հնարավորություն կստանան համակարգչային կրթություն ստանալու, ինչը կնպաստի զբաղվածության աճին: Երրորդ, դասընթացը կբարելավի մասնակիցների` համայնքների հետ արդյունավետ աշխատելու փորձը` մեծացնելով համակարգչային կենտրոնների համայնքային ուղղվածությունը և նպաստելով դրանց կայուն զարգացմանը»,- նշեց CAPS ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
Այսօր ողջ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 40 համակարգչային կենտրոններ` որոնք ուղղված են գյուղական և հեռավոր բնակավայերի զարգացմանը: Այս կենտրոններում ձեռք բերած գիտելիքները կարևոր գործիք կհանդիսանան գործազրկության խնդրին լուծում տալու հարցում, ինչպես նաև կուղղորդեն երիտասարդ սերնդին կողմնորոշվելու հետագա կարիերա ընտրելու ճանապարհին: