Հին ու նոր Երևանը` երգերում
2792-ամյա Երևանը ե՞րբ է առաջին անգամ հայտնվել երգերում, ո՞վ է եղել Երևանին նվիրված առաջին երգիծական երգի հեղինակը, ինչպիսի՞ տաղեր են ձոնվել ու ինչպե՞ս է ժամանակի շունչը ազդել Երևանին նվիրված երգերի վրա. մեր մայրաքաղաքի ծննդյան տոնին ընդառաջ` երևանյան հին ու նոր երգերի մասին զրուցել ենք Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Հերմինե Սարգսյանի հետ, ով համանուն թեմայով գիտական աշխատության հեղինակն է:
«Առաջին անգամ Երևանը անունը հիշատակվել է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1383 թվականին, Լենկթեմուրի արշավանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ: Երևանի մասին ողբ գրվել է 16-րդ դարում` Մուստաֆա Լալա փաշայի կողմից քաղաքը գրավելու, ավերելու, բնակչությանը գերեվարելու, թալանի հոգեմաշ նկարագրություններով: Ողբի հեղինակը դեպքերի ականատես Հովհաննես Տաղասացն է»,- պատմում է Հերմինե Սարգսյանը:
Երևանին նվիրված առաջին երգիծական երգի հեղինակը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն է: «Գովասանություն Երևանա քաղաքին» երգի շնորհիվ Հովնաթանը համարվում է հայ միջնադարյան պոեզիայի առաջին խոշոր երգիծաբանը:
«Անշուշտ քաղաքի և նրա բնակիչների կենցաղավարության թերությունները այստեղ խիստ չափազանցված են, սակայն զգացվում է ժամանակի շունչը, կարելի է գաղափար կազմել Երևանի շուկայի, ապրանքի թանկության, մարդկանց նիստուկացի, ամռան տապի ու անառողջ ջրի մասին»,- նշում է գիտաշխատողը:
Մինչև 19-րդ դարի 60-ական թվականները Երևանը երգերում հիշատակվում է որպես բնակավայր, որպես հուսալի բերդ ունեցող քաղաք, որպես նահանգի կենտրոն:
Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ 30-ական թվականներին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ չէին հանդուրժում երգիծանքը քաղաքի կամ քաղաքական գործիչների նկատմամբ, և երգերը գովաբանում էին սովետը, նոր կարգերը և նոր Երևանը: Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենանշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «Երևանը», որտեղ գովերգվում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կամուրջները, պտղաբեր այգիները և ... հուսալի ապագան:
Խորհրդային տարիներին, կապված քաղաքամայր Երևանի տնտեսության, մշակույթի, քաղաքաշինության զարգացման հետ, ստեղծվեցին բազմաթիվ գեղեցիկ երգեր նվիրված մայրաքաղաքին, և գուսանական երգերին հաջորդեցին դասականները:
Երևանյան նոր երգեր գրվեցին քաղաքամայր Երևանի հիմնադրման 2750 ամյակի առիթով: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը՝ «Էրեբունի Երևան» խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի:
Ինչպես հայտնի է տոնական տրամադրության առաջնային գրավականը երգն է: Վաղը մեր մայրաքաղաքի ծննդյան 2792-ամյակին կլինեն ավանդական տոնական հանդիսություններ և միջոցառումներ` ամենուր կհնչեն հին ու նոր Երևանին նվիրված լավագույն երգերը: