Զանգվածային փոխհրաձգություն ադրբեջանական զորամասո՞ւմ
Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 9-ին Աղդամի շրջանի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զորամասում արտակարգ միջադեպ է գրանցվել: «Վեստի.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ զինծառայողներից մեկը հրազենային կրակ է արձակել համածառայակից ընկերների ուղղությամբ:
Իլկին Աբդուլլաևի զենքից արձակված կրակի արդյունքում 19-ամյա Արազ Էմինլին ծանր վնասվածք է ստացել, ինչից հետո վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հաստատել է փաստը՝ հավելելով, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Առկա ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ստեղծված կոնֆլիկտի արդյունքում զինծառայողների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, իսկ տուժածների թիվը մեկով չի սահմանափակվում: