«Պետք է ՏՏ ոլորտի երիտասարդների համար ճանապարհ հարթել»
ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի աջակցությամբ վերջերս կազմակերպվել էր հերթական՝ արդեն 20-րդ IT Club Meeting-ը, որին մասնակցեց ոլորտի նորաստեղծ ընկերությունների և ասոցիացիաների ավելի քան 60 ներկայացուցիչ:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ ՏՏ ոլորտում տարեցտարի ավելանում են ձեռնարկությունները: 2008 թվականին Հայաստանում գործում էր 200 ընկերություն, վերջին 2 տարվա ընթացքում այդ թիվը աճել է 60-ով, սակայն աճի այս միտումը ոլորտի առաջատար մասնագետները համարում են անբավարար, քանի որ նպատակ է դրված 2018 թվականին արդեն այս ոլոր-տում ունենալ 1000 ընկերություն:
«Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է ոլորտի երիտասարդների համար ճանապարհ հարթել և օգնել նոր ընկերություններ բացելու գործում, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ հավատա իր ուժերին, հասկանա, որ կարող է ինչ-որ գործունեություն ծավալել և տեսնի, որ կան իր տարիքի երիտասարդներ, ովքեր սկսել և հաջողել են»,- ասաց CAPS ծրագրի ՏՏ կլաստերը համակարգող Արմեն Աբրահամյանը:
Երիտասարդ IT-ականները քննարկեցին միասնական Վեբ ստանդարտների ստեղծման հարցը, կայքէջերի անվտանգության և պաշտպանվածության խնդիրներ, ինչպես նաև ծանոթացան միկրոպլան ձեռներեցության զարգացման ծրագրերին, որը ներկայացրեց (CAPS) ծրագրի բիզնես զագացման մասնագետ Մարինա Պողոսյանը: Նա նաև նախաձեռնեց երիտասարդ մասնագետների համար ձեռներեցության հմտությունների զարգացմանն ուղղված 4-օրյա արագացված դասընթաց:
Դասընթացը կարևորվեց նաև որպես նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների համար գերազանց փորձառություն` բիզնեսի կազմակերպման հմտություններ ձեռք բերելու և տեղում դրանք գործնականում կիրառելու առումով: