«Թուրան». կոռուպցիան Ադրբեջանում արմատավորված է
Ադրբեջանցի փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիան այնպես է արմատավորվել, որ պրակտիկորեն անհնար է այնպիսի առևտրային ծառայության օբյեկտ գտնել, որտեղ ամբողջովին առևտրային գործարքները օրինական ձևով են իրականացվում:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Առևտրականանների ու արտադրողների միավորման ղեկավար Սևգիմ Ռախմանովը «Թուրան»-ի հետ զրույցում նշել է, որ փաստացի, առևտրային ցանցը ստվերային տնտեսության պատանդն է դարձել: Նրա խոսքերով՝ տեղական և ներմուծված արտադրության ավելի քան 30-40%-ը չի հարկվում, սակայն դրանք առևտրային ցանցում ցանկացած դեպքում իրացվում են:
Անցած տարի Առևտրականանների ու արտադրողների միավորման հավաքների ժամանակ հարցում է իրականացվել՝ պարզելու երկրի ամենակոռուպացված համակարգը: Սոցհարցումները ցույց են տվել, որ գործարարների բացարձակ մեծամասնությունը նշել է, որ հարկային նախարարությունը կոռուպցիայի մակարդակով լիդեր է:
Առևտրականները պնդում են, որ մշտապես ստուգումների են ենթարկվում և հարկային տեսուչներին 12.000 դոլարից ավելի կաշառքներ են տալիս: