Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան սկանդալով դուրս է եկել թուրքական կինոփառատոնի ժյուրիի կազմից
Սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որպես բողոքի նշան հրաժարվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Ոսկե նարինջ» կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելուց:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիյեթը», ռեժիսորը նման որոշում է կայացրել թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ու կինոփորձագետների իր հասցեին հնչեցրած քննադատություններից ու մեղադրանքներից հետո, համաձայն որոնց Կուստուրիցան բոսնական հակամարտությունում ընդգծված սերբամետ դիրքորոշում է ցուցաբերում:
Կուստուրիացի ժյուրիում ընգրկվելու փաստի պատճառով միջոցառմանը հրաժարվել էր մասնակցել նաեւ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը:
Թուրքերի դժգոհության առիթ էր հանդիսացել, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կուստուրիցան «սատարում էր մուսուլմանների ցեղասպանությունը բոսնիացի սերբերի կողմից»: Մեկնաբանելով մեղադրանքները, Կուստուրիցան հայտարարել էր, թե ստեղծված իրավիճակում արվեստ չի կարող լինել եւ հրաժարվել էր ժյուրիին անդամակցելուց:
«Բոլորը շատ լավ գիտեն, որ ես հակաիմպերիալիստ եմ, եւ հենց այդ գաղափարի վրա եմ կառուցել իմ ողջ կյանքն ու գործունեությունը: Նմանատիպ հարձակումներն ինձ վրա անիմաստ են: Ես պայքարել եմ միացյալ Հարավսլավիայի համար եւ իմ մոտեցումները պետք է դիտարկվեն հենց այդ ենթատեքստում», - ասել է Կուստուրիցան:
Մեկնաբանելով թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի կինոփառատոնին մասնակցելու հրաժարականը որպես բողոքի նշան Կուստուրիցայի ժյուրիում ընդգրկվելու փաստի դեմ, սերբ կինոռեժիսորն ասել է.«Եթե Քափլանօղլուն ցեղասպանությունների նկատմամբ այդքան զգայուն է, ապա ինչո՞ւ չի խոսում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից: Դրանով նա կամբողջացներ մարդկության դեմ իրականացրած հանցանքների իր պատկերացումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները