Հնարավոր է ուսուցիչն իր կամքով հեռանա դպրոցից. Պուշկինի դպրոցի տնօրենը նոր մանրամասներ է ներկայացրել
Երևանի թիվ 8 Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը աղմկահարույց տեսահոլովակի կապակցությամբ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նոր մանրամասներ ներկայացրեց: Նա ասաց, որ ուսուցիչը, որը հարվածել է աշակերտին ու անպատիվ խոսքեր է ասել նրա հասցեին, դպրոցի ռուսական հատվածի պատմության ուսուցիչ, 50-ն անց Էդուարդ Վարգիզևն է: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին: Նշենք, որ դպրոցը հիմնական դպրոց է և համարվում է Երևանի առաջատար դպրոցներից մեկը:
«Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին, հրավիրվել է մանկավարժական խորհուրդ` որտեղ քննարկվել է կատարվածը, և ուսուցիչը ներողություն է խնդրել, ներվել է ծնողի ու աշակերտի կողմից և բարեհաջող ավարտել է ուսումնական տարին: Թե այսօր ինչո՞ւ են վեր հանել այդ ամենը, չեմ կարող հասկանալ»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մատղաշյանը` ընդգծելով, թե «ոչ մի դպրոց ապահովագրված չէ նման դեպքերից»:
Տնօրենն ընդունեց, որ «փաստը խայտառակ փաստ է», նաև նշեց, որ աշակերտը «շատ վատ պահվածք է ունեցել»:
«Աշակերտը շատ վատ պահվածք է այդ օրը դրսևորել, ինչն էլ ուսուցչին հասցրել է էմոցիալ անհավասարակշիռ վիճակի: Մարդ է հիմա, պատահում է, բայց խայտառակ բան է, արդարացում չունի», -նշեց տնօրենը:
Նրա խոսքով, այս ամենից հետո ինքը չի հեռացնի ուսուցչին: «Նա այնպիսի մարդ է, որ հնարավոր է իր կամքով հեռանա դպրոցից», -հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել էր մի տեսահոլովակ, որտեղ ուսուցիչը հարվածում էր աշակերտին ու հայհոյախառն արտահայտություններ ասում նրա հասցեին:
Կրթության, գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանը Panorama-ին ասաց, որ իրենք ուսումնասիրում են կատարվածը և պարզելուց հետո գործնական քայլեր կկիրառվեն:
Նախորդող նորություն` Երևանյան դպրոցում երեխային ծեծելու հարցի առնչությամբ գործնական քայլեր դեռ կարվեն. ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան