Սերժ Սարգսյան. Դեպքերը տարբեր են, սկզբունքը մեկը պետք է լինի
Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները Հայաստանի և Սլովենիայի նախագահներին խնդրեցին գնահատել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հարաբերակցությանը` հիմք ընդունելով Կոսովոյի անկախության փաստը և հանգամանքը, որ դա առաջին և վերջին դեպքը չէ:
Ի պատասխան Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն ընդգծեց, որ երկու սկզբունքներն ինքնաբերաբար չեն գործում, այլ հաջորդում են մինչ այդ եղած որոշակի քայլերի ու իրադարձությունների: Հանգամանալից անդրադարձ կատարելով Սերբիայի կազմից Կոսովոյի դուրս գալու պատմությանը` ներառյալ արտաքին ռազմական միջամտությունն ու միջազգային վարչակազմի հաստատումը, Դանիլո Թյիրկն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը խնդրի առնչությամբ խորհրդատվական որոշման մեջ խուսափել է խոսել հայ լրագրողների բարձրացրած հարցի մասին` միաժամանակ փաստելով, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին:
«Թե տարածքային ամբողջականության, թե ինքնորոշման սկզբունքը ինքնին և ինքնաբերաբար չեն գործում: Յուրաքանչյուր դեպք առանձին է և առանձնահատուկ, և յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են լուծումներ, որոնք կհամապատասխանեն և միջազգային իրավունքի նորմերին, և տվյալ իրավիճակի առանձնահատկություններին»,- եզրափակեց Սլովենիայի նախագահը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը հետևյալն էր.«Խորապես համոզված եմ, որ ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, և չի կարելի բոլոր դեպքերը մի սանրի տակով անցկացնել: Բայց իրավական որոշումները պետք է բխեն նույն սկզբունքից»:
Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի գործը քննում էր մեկ հարցի պատասխան տալու համար. «Միակողմանի ինքնորոշման հռչակումը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ: Պատասխանը եղավ` ոչ, չի հակասում»:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության նախապատմությանը` Նախագահ Սարգսյանը հիշեցրեց խորհրդայնացման տարիներին Արցախն Ադրբեջանին բռնակցելու և ԽՍՀՄ փլուզման ընթացքում ԼՂ բնակչության միակողմանի ինքնորոշվելու փաստերը:
«Այնսիքն` գործել են միջազգային իրավունքին համահունչ»,- ընդգծեց հանրապետության ղեկավարն ու հիշեցրեց, որ ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված պատերազմ սանձազերծեց, որտեղ «ղարաբաղցիները Հայաստանի և հայ ժողովրդի օգնությամբ հաղթանակ տարան»:
Նախագահ Սարգսյանի խոսքով, Կոսովոսի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներում էական տարբերությունը հենց այդ է. «Լեռնային Ղարաբաղը հաղթել է սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ-ի օգնության, և այժմ համբերատար սպասում է այն պահին, երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա միակողմանի հռչակած անկախությունը»:
Տեղեկացնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները