Ինչո՞ւ են թուրք ուսանողները սովորում հայերեն, պարզել է Zaman-ը
Ինչպես հայտնի է, Թուրքիայի Կեսարիա քաղաքի «Էրջիյես» համալսարանում բացվել էր հայոց լեզվի և գրականության ամբիոն: Պարզվել է, որ նորաբաց ֆակուլտետ են դիմել չորս թուրք դիմորդներ: Բայց նրանցից երեքին է միայն հաջողվել ընդունվել: Այնուհետև նրանցից մեկը կեսից չի շարունակել ուսումը, ու միայն երկու հոգի են մնացել այդ բաժնում` որպես ուսանող:
Թուրքական «Զաման» (Zaman) թերթը զրուցել է հայագիտությունը մասնագիտություն ընտրած այդ թուրք ուսանողների հետ և փորձել պարզել, թե ինչու են նրանք որոշել սովորել հայոց լեզու և գրականություն:
«Ես հայոց լեզու և գրականություն ուսանելու որոշում կայացրեցի` ուշադրության առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունները մշտապես օրակարգում են լինելու, հետևաբար այդ ոլորտում ինձ կարող եմ դրսևորել: Կարևորում եմ նաև ճապոներեն սովորելը: Թուրքիան առաջ է գնում, հարկավոր է բացվել աշխարհի առաջ»,- ասել է նրանցից մեկը` Չիշե Բալթաջըն:
Իսկ Գյուվեն Քարաքյոսն էլ նշել է, որ ինքն այդ բաժինն է ընտրել քանի որ Թուրքիան աստիճանաբար ընդլայնում է իր դիվանագիտական հարաբերությունները: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է սովորել տվյալ երկրների լեզուն և մշակույթը:
Մարդիկ կարծում են, թե այդ երկու ուսանողները ծագումով հայ են, բայց պարբերականն ընդգծում է, որ նրանք թուրք են, մեկը Կեսարիայից, մյուսը` Իսմիրից: