Կոլդո Ալվարես. «Հայ ֆուտբոլիստների արագությունն ինձ համար անակնկալ էր»
Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը Հայաստանի հավաքականի հետ «Եվրո-2012»-ի շրջանակներում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ընտրանին իր խաղամակարդակով համեմատելի է Ռուսաստանի ու Իռլանդիայի ազգային թիմերի հետ:
«Հանդիպման սկզբում մեզ համար շատ դժվար էր,- ասաց նա:- Արագ գոլ բաց թողեցինք: Պարզ էր, որ Հայաստանի հավաքականը շատ ավելի ուժեղ է, քան մեր թիմը: Պաշտպանվելը սարսափելի դժվար էր: Երկրորդ կեսում մի քիչ ավելի լավ սկսեցինք պաշտպանվել: Դաշտի տերերը շատ արագ էին գործում, և հենց այդ պատճառով մեր պաշտպանությունը չդիմացավ: Ստիպված Լիմային հետ քաշեցինք, որպեսզի կարգավորի թիմակիցների գործողությունները հետին գծում: Հայ ֆուտբոլիստների արագությունն ինձ համար անակնկալ էր: Մենք պարտվեցինք 0:4 հաշվով, բայց մի մոռացեք, որ հայերը 3 գոլ են խփել սլովակներին:
Անկեղծ ասած` սա իմ թիմի ամենավատ ելույթն է ընտրական մրցաշարում: Արդեն խաղացել ենք Ռուսաստանի, Իռլանդիայի ու Մակեդոնիայի հավաքականների հետ, և կարծում եմ, որ մեր այսօրվա մրցակիցն այդ թիմերի հետ նույն մակարդակի վրա է գտնվում: Միայն այն փաստը, որ հայերը պարտության են մատնել սլովակներին, խոսուն է: Ըստ իս` Հայաստանի հավաքականը կարող է եզրափակիչ փուլ մտնելու խնդիր լուծել: Ժամանակին խաղացել եմ հայաստանյան թիմի դեմ, բայց այսօրվա թիմը շատ ավելի ուժեղ է և պարզապես ցնցեց մեզ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են