Կ. Ավագյան. Դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ԼՂՀ տարածքները
Ինպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 6-ից գտնվում էին տարածաշրջանում, որի շրջանակներում վերջիններս առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այնուհետև մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելության աշխատանքների հետ կապված խնդրներ: Հոկտեմբերի 12-ին առաքելության խումբն ավարտել է աշխատանքները:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանի հետ:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելության նպատակներին, նա նշեց, որ դրա հիմնական նպատակը տարածաշրջանի իրավիճակի ուսումնասիրությունն է՝ հիշեցնելով, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակվել և իրավիճակին մանրամասն ծանոթ չեն:
«Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ համանախագահները և՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումներում վերահաստատել են իրենց այն մտադրությունը, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտի արևելյան շրջանները, Մարտունաշենը: Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջևանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր»,- ընդգծեց Կ. Ավագյանը:
Նրա խոսքերով, հայկական կողմն ամեն քայլ ձեռնարկում է՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցություններին դրական լիցքեր հաղորդելու համար, իսկ այն, որ համանախագահները հնարավորություն են ստացել ավելի անմիջական ձևով շփվելու արցախցիների հետ, դա միայն դրական երևույթ է:
«Եվ ընդհանրապես, որքան հաճախակի լինեն միջազգային հանրության ներկայացուցիչների այցերն Արցախ, որքան հաճախ վերջիններս հնարավորություն ստանան մոտիկից ծանոթանալ ժողովրդին, նրանց ապրելակերպին, պատմական ժառանգությանը, այնքան լավ»,- հավելեց Կ. Ավագյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար