Կ. Ավագյան. Մեկ բան ակնհայտ է՝ հայկական ու ադրբեջանական բանակներն ուղղակի անհամեմատելի են
Այն, որ Ադրբեջանն ավելացնում է իր երկրի ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Հայաստանին չի խանգարում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր ծրագրերը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Կարեն Ավագյանը:
«Իհարկե, դա մտահոգիչ է, իհարկե դրա մասին պետք է բարձրաձայնել, բնականաբար Ադրբեջանը տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք է «հրահրում», սակայն դա մեզ էականորեն չի խոչընդոտում՝ մեր ծրագրերն իրականացնելու հարցում»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ պատասխանելով Ադրբեջանի այդ քայլին, Հայաստանը ևս մեծացնի իր ռազմական բյուջեն, Կ.Ավագյանը նշեց, որ Հայաստանն ընդհանրապես ռազմական բյուջեի հետ կապված խնդիրներ չունի, միաժամանակ հավատարիմ է միջազգային համապատասխան համաձայնագրերին և պարտավորություններին:
«Հայաստանը միշտ կոռեկտ է եղել և պահել է ռազմական խնդիրների լուծման հետ կապված ցանկացած պայմանավորվածություն և ցանկացած քաղաքականություն, որոնք ստանձնել է պայմանագրերով։ Եվ այս առումով էլ Հայաստանը պահում և իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ընդգծեց խորհրդարանականը:
Panorama.am-ի հետ զրույցում Կ. Ավագյանը նաև նշեց. «Ադրբեջանը ռազմական բյուջեին ավելի մեծ գումարներ է հատկացնում, քանի որ ադրբեջանական բանակում առկա խնդիրները թերևս անվերջանալի են թվում: Այն ծախսերն ու բարեփոխումները, ինչն Ադրբեջանն է անում, հայկական կողմը շատ ավելի վաղ է արել: Հայկական բանակը ևս մշտական բարեփոխումների մեջ է, սպառազինությունն անընդհատ արդիականացվում է, սակայն մեկ բան ակնհայտ է՝ հայկական ու ադրբեջանական բանակներն ուղղակի անհամեմատելի են: Մեր բանակը հաղթական բանակ է, հենց միայն սրանով ամեն ինչ ասված է, մնում է, որ հաղթողի հոգեբանությունը պահպանենք ու ավելի ուժեղանանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը