Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոն. Ֆիլմեր` մեծերի ու փոքրերի համար
Նախօրեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցած տոնական համերգով ու Մոսկվա կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացած հանդիսավոր արարողությությամբ մեկնարկել է Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Փառատոնին իր ուղերձն էր հղել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք ողջ տարվա ընթացքում հավաքում են ֆիլմեր, ու դրանցից ընտրություն կատարում, թե որոնք ներառեն փառատոնի ծրագրում: «Մենք սովորաբար ընտրում ենք այնպիսի ֆիլմեր, որ հետաքրքիր լինի և մեծերին, և փոքրերին: Այսինքն, մեր խնդիրն է, որ մայրիկներն ու հայրիկներն իրենց երեխաների հետ միասին դիտն այդ ֆիլմերն ու կարողանան քննարկել»,- ասաց նա:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է 81 ֆիլմ 27 երկրից: Այս տարի նախատեսված է «Ես իրավունքներ ունեմ» խորագրով նոր անվանակարգ: Փառատոնի շրջանակում անցկացվում է նաև «Դու մենակ չես…միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որի շրջանակում անվճար բուժզննում կանցնեն մի շարք մանուկներ և պատանիներ: Այս ծրագրին մասնակցելու և անվճար բուժզննում անցկացնելու նպատակով Հայաստան է ժամանել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան Ալեքսանդր Մասչյանը:
Փառատոնին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:
Լեհ մուլտիպլիկատոր Անջեյ Օրժեչովսկին, ով փառատոնում ներկայացնում է իր «Կոպերնիկոսի աստղերը» ֆիլմը, ասաց, որ, ընդհանրապես, մուլտֆիլմերը պետք է իրենց մեր ներառեն դաստիարակչական տարրեր, մուլտֆիլմերը պետք է ցույց տան, որ նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատել: Նրա գործընկեր, կրկին լեհ մուլտիպլիկատոր Ժդիսլավ Կուդլային էլ ասաց, որ այսօր երեխաները ձգտում են համակարգչով խաղեր խաղալուն ու չեն դիտում կինոներ, մուլտֆիլմեր:
«Պետք է այնպիսի հետաքրքիր բաներ նկարահանենք ու ցուցադրենք, որ գրավեն երեխաներին: Պետք է 2D-ից անցում կատարենք 3D»,- ասաց նա: Ի դեպ, լեհ մուլտիպլիկատորները ոչ մի հայ ժամանակակից մուլտիպլիկատորի չեն ճանաչում, իսկ իրենց ժամանակակիցների անուններն էլ չէին հիշում:
Փառատոնը Երևանում կավարտվի հոկտեմբերի 16-ին, սակայն դրան կհաջորդի փառատոնի շրջագայությունը ՀՀ մարզերով, որը կշարունակվի 40 օր:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին