Ադրբեջանն ըստ ամենայնի կխոչընդոտի առաքելության երկրորդ փուլի անցկացումը
«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, քաղաքագետ Դավիթ Բաբայանը, խոսելով Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին, մասնավորապես նշել է. «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ առաքելությունն անցավ նորմալ, կառուցողական մթնոլորտում. համանախագահները, առաջին հերթին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք առաջին անգամ էին լինում այդ շրջաններում, հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու իրավիճակին, շփվելու ժողովրդի հետ, ավելի լիարժեք պատկերացում կազմելու արցախահայության տրամադրությունների, խնդիրների և նպատակների մասին:
Բացի դրանից, նախատեսվում է անցկացնել առաքելության երկրորդ փուլը` Արցախի Հանրապետության տարածքներում, որոնք ռազմակալված են Ադրբեջանի կողմից. համանախագահներն իրենք են հայտարարել, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ կողմերից մեկի դեմ կամ նրա շահերի սպասարկմանը, և առաջիկայում նրանք պատրաստվում են լինել բոլոր այն շրջաններում, որոնց վրա հակամարտությունն այս կամ այն կերպ ազդեցություն է գործել:... Իմ անձնական կարծիքն այն է, որ Ադրբեջանն ըստ ամենայնի կխոչընդոտի առաքելության երկրորդ փուլի անցկացումը: Բայց, կարծում եմ, սա կլինի ևս մեկ փաստարկ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ»:
«Ադրբեջանցի որոշ պատգամավորներ, նախընտրական քարոզարշավը թողած, եկել էին Ստրասբուրգ` ԵԽ ԽՎ ամբիոնից ևս մեկ անգամ հակահայ քարոզչություն իրականացնելու: Բայց, հակառակ Չավուշօղլուի և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի անձնվեր ջանքերի` ամեն ինչ անելու, որպեսզի այդ ենթահանձնաժողովը միս ու արյուն ստանա արդեն այս նստաշրջանում, և իրենք կարողանան հայտարարել, թե կյանքի են կոչել ԼՂ վերաբերյալ 1416 բանաձևի մեզ համար անբարենպաստ դրույթները, այստեղ էլ որևէ տեղաշարժ չեղավ` ընդամենը որոշվեց շարունակել եռակողմ խորհրդակցությունները»,- թերթի հետ զրույցում ասել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա