Հոկտեմբերի 17-ին գինու փառատոն` Արենի գյուղում
Հոկտեմբերի 17-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կկազմակերպվի գինու փառատոն, որի շրջանակներում կանցկացվեն «Գինու համտես», «Պանրի համտես», «Խաղողի ճզմում», «Լավաշի, գաթայի, ռշտայի պատրաստում», «Նկարների ցուցահանդես», «Կողովագործություն» և մի շարք այլ մրցույթներ: Փառատոնն ուղեկցվելու է հայկական երգ ու պարով, ժողովրդական, ազգային խաղերով:
Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, անցած տարի առաջին անգամ կազմակերպված փառատոնն ունեցել է մի շարք թերություններ, և այս տարի փորձել են դրանք շտկել, որպեսզի այն ավելի կազմակերպված, ավելի հետաքրքիր և բարձր մակարդակով կանցկացվի: «Դա կնպաստի, որ միջոցառումն ավանդական դառնա, նաև հնարավորություն կտա Հայաստանն աշխարհին ավելի գրավիչ ներկայացնելու»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղյանի խոսքերով, միջոցառումն այս տարի ավելի մեծ մասշտաբի է լինելու: Բացի մարզի բանակիչներից , փառատոնին կմասնակցեն տարբեր գերատեսչություւների ներկայացուցիչներ, դեսպաններ: «Մենք նպատակահարմար գտանք միջոցառումն այս տարի անցկացնել Տաթևի ճոպանուղու բացման հաջորդ օրը, որպեսզի ավելի շատ մարդ ընդգրկենք միջոցառմանը: Վստահ ենք, որ Տաթևից Երևան վերադարձողները անշուշտ կմասնակցեն մեր գինու փառատոնին»,- նկատեց գյուղապետը: Նա նույնպես նշեց, որ իրենց նպատակն է փառատոնն ավանդական դարձնել, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել Արենիի գինու համբավը:
Ըստ Արենիի գյուղապետի, գյուղն ունի 580 տնտեսություն և 1970 բնակիչ: Գյուղում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, սակայն ամենաարժեքավորը «Արենի» տեսակն է, որից էլ պատրաստվում է «Արենի» գինին: Գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ տարեկան արտադրվում է մոտ 300 տոննա «Արենի» գինի: Այս տարի 2 գործարաններն ընդհանուր առմամբ մթերել են 350 տոննա խաղող, մեկ կգ-ի միջին գինը եղել է 200-220 դրամի սահմաններում: