«Դու մենակ չես…միասին կհաղթենք». Հիվանդ երեխան բուժում կստանա Մոսկվայում
Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստան է այցելել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան, ՌԴ մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մասչանը:
«Դու մենակ չես…միասին կհաղթենք» անվճար ակցիայի շրջանակներում այսօր Երևանի Մուրացան քիմիոթերապիայի կլինիկայում 7 հիվանդ երեխա բուժզննում է անցել պրոֆեսորի մոտ:
«Նրանցից երկուսի վիճակը բավականին ծանր է: Նրանցից մեկին մենք առաջարկել ենք բուժում ստանալու համար գալ Մոսկվա, իհարկե, ամբողջ ծախսերը մենք վերցնում ենք մեզ վրա: Մենք ունենք այդ հնարավորությունը»,- այս մասին ասուլիսում ասաց Ալեքսեյ Մասչանը:
Նա ասաց, որ հանդիպել է իր հայ գործընկների հետ ու քննարկել, թե ինչպես է զարգանում հեմատոլոգիայի ոլորտը Հայաստանում:
«Ոլորտը զարգանում է բավականին լավ: Համեմատելով այսօրվա վիճակն ու տաս տարի առաջ տիրող վիճակը, տեսնում եմ մեծ առաջընթաց: Հայ բժշիկները տեղյակ են այս ոլորում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին ու աշխատում են հետ չմնալ»,- ասաց նա ու հավելեց, որ հետագա զարգացումը մի քիչ ավելի բարդ կլինի, քանի որ հարկավոր են այնպիսի փոփոխություններ, ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ, որոնք, ցավոք, դեռևս Հայաստանում չկան:
Նշենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչն է Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան ասաց, որ «Ռոլան Բիկով» հիմնադրամը շարունակելու է «Դու մենակ չես…միասին կհաղթենք» ակցիան: «Ակցիայի նպատակն է լինելու օգնության ձեռք մղել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, փնտրել ու գտնել այնպիսի ոլորտներ, որտեղ խնդիր կա ու օգնել նախ և առաջ անապահով ընտանիքների երեխաներին, հիվանդ երեխաներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 12-ին: Փառատոնին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնը Երևանում կավարտվի հոկտեմբերի 16-ին, սակայն դրան կհաջորդի փառատոնի շրջագայությունը ՀՀ մարզերով, որը կշարունակվի 40 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան