«Ռադիոֆառդա.քոմ». Իրան և Ադրբեջան. Բազմաթիվ հաճոյախոսություններ, ոչ մի համաձայնություն
Իրանի և Ադրբեջանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունն իրականացվում է նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա, և ներկայում երկու երկրների միջև նոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման միտում օրակարգում նախատեսված չէ:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ (ռադիոֆառդա.քոմ) զրույցում նշել է Ադրբեջանի պետական պաշտոնյաներից մեկը` մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարարի`օրերս Ադրբեջան կատարած այցի արդյունքները:
«Իրանին անհանգստացնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Ադրբեջանի ունեցած ռազմական համագործակցության փաստը, Կասպից ծովի ռազմականացումը և այն, որ պաշտոնական Բաքուն ողջունում է, որ Գաբալայի ռադարային կայանը, որն ամբողջությամբ հսկում է Իրանի ողջ տարածքը, այդ թվում Օմանի ծովն ու Պարսից ծոցը, համատեղ շահագործվի ԱՄՆ և Ռուսաստանի կողմից»,- այդ մասին «ռադիոֆառդա.քոմ» կայքի հետ զրույցում նշել է Ադրբեջանի «Ռազմական հետազոտությունների վերլուծական կենտրոնի» տնօրեն Ուզեիր Ջաֆարովը:
Կայքում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Իրանին անհանգստացնող հանգամանքներից մեկն այն է, որ վերջերս Բաքվում բացվեց իսրայելական անօդաչու ինքնաթիռների արտադրության ներկայացուցչությունը, և այն երկու ռադարային կայանները, որոնցից մեկը` «Ասթարան» գտնվում է Իրանի, իսկ մյուսը` «Խիզին», Ռուսաստանի սահմանին, գործում են Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակներում և ղեկավարվում`Բաքվում գտնվող կենտրոնից:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական դոկտրինի 21-րդ կետին` որն օտարերկրյա ռազմական ներկայություն է նախատեսում Ադրբեջանի տարածքում, հոդվածագիրը գրում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը և այն փաստը, որ գերտերությունները չեն ցանկանում խախտել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը, ապա Բաքվի ռազմական դոկտրինի վերոնշյալ կետը վերաբերում է Իրանին»: