Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց վրացագիտության կենտրոն
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի ունեցավ վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացման արարողությունը: Կենտրոնի բացմանը մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանի Կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը նշեց, որ կենտրոնի հիմնական նպատակն այն է, որ ՀՀ բուհերում սովորող Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ ուսանողների համար կրթական օջախ լինի, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ վրացական մշակույթի, լեզվի, պատմության ուսումնասիրման համար:
Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը նշեց, որ այս կենտրոնը խորհրդանշում է այն բարեկամական հարաբերությունները, որոնք կան երկու երկրների միջև: «Վրաստանի համար շատ կարևոր է այս կենտրոնի բացումը այսքան հարգված ուսումնական հաստատությունում»,- ասաց նա և հավելեց, Թբիլիսիի պետական համալսարանում նույնպես գործում է հայերեն լեզվի կենտրոն: «Ես համոզված եմ, որ այս երկու կենտրոնների միջև կլինի սերտ համագործակցություն»,- ասաց նա: Դ. Շաշկինի խոսքով, այս կենտրոնի բացման գաղափարը ծագել է մոտ 4 ամիս առաջ ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում: «Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳ նախարարին այս կարճ ժամանակաշրջանում այս գաղափարը իրագործելու համար»,- հավելեց նա:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորելով վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացումը, նշեց, որ համալսարանում դասավանդվում են 20-ից ավելի լեզուներ, սակայն մինչև այժմ հնարավորություն չի եղել սովորել մեր բարեկամների լեզուն` վրացերենը: «Վրաց լեզվի ուսուցման հնարավորությունը Հայաստանում կնպաստի մեր երկու երկրների մշակույթների առավել ներթափանցմանը, փոխադարձ շփումներին, կնպաստի հատկապես երիտասարդների առավել սերտ համագործակցմանը: ՀՀ-ում սովորում են վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներ և իրենց ուսումնառության ընթացքում նրանք կտրված են լինում վրացերենի ուսումնասիրման հնարավորությունից, այս կենտրում մենք կստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնագիտական կրթության զուգահեռ այստեղ սովորել նաև վրացերեն»,- հավելեց նա:
Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլի խոսքով, իրենց համալսարանում հայերեն ուսուցանվում է 1922 թվականից: «Ես շատ ուրախ եմ, որ այսօրվանից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործելու է վրացերենի կենտրոն, մենք պատրաստակամ ենք օգնել այս կենտրոնի աշխատանքները կազմակերպելու գործում»,- հավելեց նա:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարին պարգևատրեց ԵՊԼՀ-ի բարձագույն պարգև հանդիսացող մեդալով, ինչպես նաև ԵՊԼՀ-ի խորհրդանիշով հատուկ նվերով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան