Art շուկայի թագավոր Լարի Գագոսյանը ճանաչվել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդը
Արվեստի շուկայում հայտնի մեգադիլեր, աշխարհահռչակ կոլեկցիոներ և արվեստի գիտակ Լարի Գագոսյանը ճանաչվել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդը: ArtReview ամսագրի կողմից կազմված 2010 թվականի համաշխարհային արվեստում ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակում ընդգրկված է 100 անուն:
Լարի Գագոսյանը արդեն 2004 թ. զբաղեցել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը, իսկ նախորդ տարի նա 5-րդ տեղում է եղել: Ըստ ամսագրի, Գագոսյանի` վարկանշային ցուցակում դիրքերը բարելավելուն նպաստել է այս տարի Փարիզում նոր պատկերասրահի բացումը, ինչպես նաև մի քանի հայտնի ցուցահանդեսների կազմակերպումը:
Art շուկայի թագավոր Լարի Գագոսյանը ժամանակակից արվեստի Gagosian Gallery ցանցերի սեփականատերն է:
Նա ծնվել է 1945 թվականին Լոս Անջելեսում, իսկ նրա տատիկն ու պապիկը ծնունդով Երևանից են: Նա սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլիական և ամերիկյան գրականության ֆակուլտետում: «Ես իմ գործունեությունը սկսել եմ 1970 թվականին Սանտա-Մոնիկայում` պոստերներ վաճառելով: Ես դրանք գնում էի 2-3 դոլորավ, տեղադրում այլումինե շրջանակների մեջ ու վաճառում 15 դոլարով»,- պատմել է նա: