Վաղը գինու փառատոնն է. գինու սիրահարները հնարավորություն կունենան համտեսել իրենց սիրած գինին
Վաղը ժողովրդական ծիսակատարություներով, հայկական երգ ու պարով Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կմեկնարկի գինու փառատոնը:
Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, փառատոնի շրջանակներում կանցկացվի «Գինու համտես», «Պանրի համտես», «Խաղողի ճզմում», «Լավաշի, գաթայի, ռշտայի պատրաստում», «Նկարների ցուցահանդես», «Կողովագործություն» և մի շարք այլ մրցույթներ:
Փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել ավանդական, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել Արենիի գինու համբավը:
Բացի այդ, փառատոնի շրջանակներում օտարերկրյա զբոսաշրջիկների համար նախատեսվում է մրցույթի անցկացում` լավագույն գինու պիտակի էսքիզ «Հայաստանը իմ աչքերով» խորագրով: Մրցույթի հաղթողին կշնորհվի մրցանակ, ինչպես նաև կթողարկվի 500 շիշ գինի տվյալ պիտակով:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներ են` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանը և Արենիի գյուղապետարանը: