Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կրկին պարտություն գրանցեց. Ֆաթուլաևի հարցով դատավճիռը մնաց անփոփոխ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն առանց փոփոխությունների ուժի մեջ է թողել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում էր անհապաղ ազատ արձակել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին:
Այս մասին զետեղված է ՄԻԵԴ պաշտոնական կայքում:
Մեծ պալատը հաստատել է ՄԻԵԴ-ի ապրիլի 22-ի՝ լրագրողին անհապաղ ազատ արձակելու և նրան 28 հազար եվրո փոխհատուցում վճարելու որոշումը: Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները դժգոհ էին մնացել ապրիլի 22-ի որոշումից, և դիմել էին ՄԻԵԴ-ի Մեծ պալատ:
Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականին, Խոջալուի դեպքերի վերաբերյալ, զրպարտություններ կատարելու մեղադրանքով, վերջինս Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել և ևս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել 8.5 տարվա ազատազրկման:
Սակայն, 2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը կոչ արեց՝ լրագրողին անհապաղ ազատ արձակել:
Սակայն ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև մի շարք երկրների, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, հակառակ քայլերի գնացին:
Իսկ սրանից գրեթե կես տարի առաջ, 2009 թվականի դեկտեմբերի 29-ին, խցում, որտեղ պահվում էր «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրը՝ Էյնուլա ֆաթուլաևը, ստուգումներ իրականացվեցին, ինչի արդյունքում Ֆաթուլաևի կոշիկի և հագուստիի մեջ թմրանյութեր «հայտնաբերվեցին»: Դեռևս այդ ժամանակ լրագրողը հայտարարել է, որ դա իրենը չէ, և իր նկատմամբ հաշեհարդար են տեսնում:
Չնայած այդ հանգամանքին, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե Ֆաթուլաևի նկատմամբ շինծու գործ է հարուցվել, որով իշխանությունները ցանկանում են կրկին երկարացնել Ֆաթուլաևին ազատազրկման վայրում պահելու ժամկետը:
Հատկանշականն այն է, որ Ֆաթուլաևի գործով դատավճիռը կայացվեց ու հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Եվ դա այն դեպքում, որ Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել և հորդորել էր վերանայել բլոգերներին ու լրագրողներին հանիրավի դատապարտելու որոշումները:
Սեպտեմբերին Ադրբեջանի և ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի ու Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ ևս ԱՄՆ նախագահը խոսելով Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահին կոչ է արել՝ լրագրողին ազատ արձակել: