Հռոմի պապին կոչ է արվել տեր կանգնել Թուրքիայում բնակվող քրիստոնյաներին
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի նախագահությամբ Վատիկանում գումարվել է սինոդի ժողով` նվիրված մերձավորարևելյան գոտու կրոնական խնդիրներին: Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի նախագահ, Իզմիրի արքեպիսկոպոս Ռուջերո Ֆրանչեսկինին իր ելույթում նշել է, որ Թուրքիայում քրիստոնյաները մոլեռանդ ազգայանկանության և կրոնական ֆանատիզմի թիրախ են դարձել:
Այս մասին տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը:
Ներկաներին պատմելով քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների ու սպանությունների մասին` արքեպիսկոպոս Ֆրանչեսկինին հիշեցրել է եպիսկոպոս Լուիջի Փադովեսինի դաժան սպանությունն Իսքենդերունում:
«Դա նախապես ծրագրված սպանություն էր: Այն կազմակերպել էին ազգայնամոլ ծայրահեղականները և մոլեռանդ կրոնականները: Նույն այդ մութ ուժերի ծրագրած դավադրության զոհ դարձան քահանա Անդրեա Սանթորոն Տրապիզոնում, հայ խմբագրապետ Հրանտ Դինքը Ստամբուլում, չորս բողոքականներ Մալաթիայում»,- ասել է Թուրքիայում հոգևոր սպասավորության մեջ գտնվող Իտալիայի քաղաքացի Ֆրանչեսկինին և Հռոմի Պապին կոչ արել տեր կանգնել Թուրքիայում բնակվող քրիստոնյաներին: