Տաթևի զանգերը ղողանջում են. Հայաստանում գործարկվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին (ԼՐԱՑՎՈՒՄ Է)
Տաթևի եկեղեցու զանգերն այս պահին ղողանջում են, դրանք ազդարարում են Տաթևում այսօր սպասվող միջոցառոմների մեկնարկը: Մինչ այդ սակայն Սյունիքի մարզում գործարկվել է Տաթև-Հալիձոր գյուղերը միմյանց կապող «Տաթևի թևեր» անունով ճոպանուղին: Ճոպանուղու առաջին ուղևորը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Տաթևից:
Նրա փոխանցմամբ, Տաթևում է գտնվում կառավարական պատվիրակությունը և բարձրաստիճան անձինք:
Մեր թղթակցի փոխանցմամբ, Տաթևում այս պահին շուրջ 800 հոգի է հավաքվել` ականատս լինելու Տաթևի վերածննդին: Սպասվում է, որ նախագահ Սարգսյանը հանդես է գալու ելույթով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ` օրհնանքով:
Հիշեցնենք, որ 2008-ին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարը համախմբե է մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին` «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: Ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքով: Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում կատարած գործից գոհունակություն է հայտնել ու Տաթևի վերածնունդը համարել սուրբ գործ:
«Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական կառույցը 5,7 կմ երկարությամբ ձգվում է Որոտան գետի խոր կիրճի վրայով և կապում է Հալիձոր ու Տաթև կայանները: Այն իր երկարությամբ հավակնում է Գինեսի գրքի ռեկորդակիր դառնալ: Ճոպանուղու կառուցումը տևել է 11 ամիս: Այն իրականացրել է շվեյցարա-ավստրիական «Garaventa Doppelmayr» ընկերությունը, որը համարվում է աշխարհում գործող ընկերություններից առաջատարը: Ճոպանուղու կառուցումն արժեցլ է 13 մլն եվրո:
Այժմ այն ոչ միայն անվճար է հարակից գյուղերի բնակիչների համար, այլ նաև կշահագործվի զբոսաշրջիկների սպասարկման համար:
Բացի ճոպանուղուց, Տաթևի համայնքի զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից վերակառուցվել է Տաթև տանող 26 կմ երկարությամբ ճանապարհը: Ընդհանուր 50 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կազմակեպվել է ոչ միայն Տաթև վանքի վերականգնումը, այլ նաև վերակառուցվել է 17-րդ դարի ձիթհանը, իրականացվում են ազգային խոհանոցի վերածննդի և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր: Նախագիծը նախատեսում է նաև համալիրի պահպանում, վանական և գիտական ավանդույթների վերականգնում, կիրճում և շրջակա 6 համայնքներում զբոսաշրջության զարգացում, նաև զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում